31/07/2019 19:52
Իրանը խոստացել է կրճատել միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունները
Իրանը կշարունակի կրճատել միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունները, եթե եվրոպական երկրներն ԱՄՆ-ի պատժամիջոցներից պաշտպանության երաշխիքներ չտրամադրեն Թեհրանին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Մենք ձեռնամուխ կլինենք միջուկային գործարքով նախատեսված մեր պարտավորությունների կրճատման երրորդ փուլին, եթե եվրոպական երկրներն ԱՄՆ-ի պատժամիջոցներից պաշտպանության երաշխիքներ չտրամադրեն մեզ», - Զարիֆի խոսքը մեջբերել է «Mehr» գործակալությունը:
Նա ընդգծել է, որ «առայժմ եվրոպացիների կողմից ձեռնարկված միջոցները բացարձակապես չեն համապատասխանում նրանց խոստումներին»:
Առավել կարևոր քայլերի թվում իրանցի նախարարը նշել է INSTEX ֆինանսական մեխանիզմի ամբողջական գործարկումը, որը «չպետք է կախված լինի ԱՄՆ-ի հավանությունից և ենթարկվի նրա ազդեցությանը»:
Զարիֆի խոսքով՝ այդ համակարգը պետք է Թեհրանին հնարավորություն ընձեռի գումար ստանալ նավթի վաճառքից: