01/08/2019 11:08
Իշխանությունը նվեր է անում Քոչարյանին. Էդմոն Մարուքյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցումն ու նրան որպես մեղադրյալ ներգրավելը իրավապահների կողմից նվեր է հենց Քոչարյանին։
«Դա աջակցություն է ու մեծ նվեր Ռոբերտ Քոչարյանին, որը իշխանությունը մատուցում է նրան։ Դրանով նրանք հնարավորություն են տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը գործ հաղթի Եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը։
Մարուքյանի համար անհասկանալի են իշխանության, մասնավորապես՝ իրավապահների քայլերը.
«Պետք է հասկանալ՝ նրանք նպատակայի՞ն են այս ամենն անում՝ Քոչարյանին քաղաքական իմաստով կենդանի պահելու համար, թե՞ դիլետանտության, չհասկանալու արդյունք է»։
Մեր հարցին՝ իսկ եթե այդուհանդերձ, կա՞ն հիմքեր քրեական գործ հարուցելու համար, Մարուքյանը արձագանքեց.
«Եթե կան հիմքեր, ապա այդ քրեական գործը պետք է հարուցվեր դեռ փետրվար ամսին, ինչո՞ւ է քրեական գործ հարուցվել, հետո դատախազի կողմից դրա հարուցումը մերժվել»։
Անդրադառնալով Քոչարյանի հայտարարությանը, թե աշնանը ընդդիմությունը կասի իր խոսքն, ու իշխանության հարցը կլուծվի փողոցում, Մարուքյանը հորդորեց այդ հայտարարություններին վերաբերվել ժպիտով ավելացրեց.
«Ես ձեզ ասեմ՝ իշխանություններին այսօր շատ օգուտ է, որ նրանց այլընտրանքը լինի Քոչարյանը։ Եթե նրանց այլընտրանքը Քոչարյանն է, պարզ է, որ ոչ ոք չի աջակցելու Քոչարյանին, իսկ նրանք կստանան ժողովրդի աջակցությունը։ Բայց դա նաև ամոթ է, որ նրանց այլընտրանքը լինի Քոչարյանը»։
Տեղեկացնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելը»։
Նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել։