01/08/2019 20:30
Ալյասկայում անտառային հրդեհներ են մոլեգնում
ԱՄՆ ամենահյուսիսային և ամենամեծ նահանգում՝ Ալյասկայում, անոմալ շոգ է, բռնկվել են անտառային հրդեհներ։ Ներկա պահին, ինչպես տեղեկացնում է «The Washington Post» թերթը, արդեն այրվել է մոտ 800 հազար հեկտար մակերեսով տարածք:
Ապրիլի 25-ից սկսած ջերմաստիճանն ամեն օր բարձրանում է միջին ցուցանիշներից, միևնույն ժամանակ, հունիսի 28-ից ոչ մի տեղ այն զրոյից չի իջել։ Դա բնավ բնորոշ չէ այս նահանգին, որի հյուսիսի և կենտրոնի զգալի մասը հավերժական սառցապատ շրջաններ են։
Մինուսային ջերմաստիճանների բացակայության այսքան երկարատև շրջան, մասնագետների տվյալներով, չի եղել վերջին 100 տարում։ Հունիսն արդեն դարձել է ամենաշոգը դիտարկումների ողջ պատմության ընթացքում, ըստ ամենայնի, ռեկորդ կսահմանի նաև հուլիսը։
Անոմալ ջերմաստիճանը, ինչպես նշում է պարբերականը, խախտել է կյանքի նորմալ կարգն ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար։ Խանութներում գնել են բոլոր օդափոխիչներն ու օդորակիչները։ Տեղի բնակիչները դարձել են վկաներն այն բանի, թե ինչպես են իշայծյամները մտնում իրենց այգիներ՝ այգու ջրցաններով զովանալու համար։
Ընդ որում՝ Ալյասկայի բնիկ ժողովուրդների համար շատ ավելի դժվար է, քան քաղաքաբնակների, որոնք չեն հասցրել օդորակիչ գնել։
Նրանց համար ջերմաստիճանային անոմալիան նշանակում է, որ սպառնալիքի տակ են հայտնվել ավանդական արտադրությունները, չէ՞ որ հաճախ նրանց անհրաժեշտ է սառցաշերտի պահպանումը, որպեսզի որս և ձկնորսություն անեն։ Այնինչ, ամերիկացի օդերևութաբանների տվյալներով՝ սառույցը պահպանվում է Չուկոտյան ծովի մակերեսի միայն 20 տոկոսի վրա։