02/08/2019 13:32
«Սանիթեքը» շարունակում է ենթարկվել ագրեսիվ վարչական ճնշումների. Նիկոլաս Թավիլ
«Սանիթեք» ընկերությունը տևական ժամանակ և ներկայում էլ շարունակում է ենթարկվել ագրեսիվ վարչական ճնշումների, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ընկերության ղեկավար Նիկոլաս Թավիլը։
«Ճնշումների օրինակներից մեկն էլ այն քրեական գործն է, որը հարուցվել է «Սանիթեք»-ի նկատմամբ 2019թ-ի փետրվարին։ Քրեական գործն անօրինական է և անհիմն, այն քաղաքապետարանի կողմից կազմակերպված բազմաթիվ գործերից մեկն է՝ սպառել «Սանիթեք» ընկերության ռեսուրսները, որն, ըստ էության, ունի մեկ նպատակ՝ անարդար և խտրական ճանապարհով սեփականություն բռնագրավելու համար՝ ելնելով հասարակության շահերից», - հայտարարեց ընկերության ղեկավարը։
Նա նշեց` նախկինում էլ պարբերաբար հայտարարվում էր, որ «Սանիթեքի» հետ պայմանագրի խզումը քաղաքական որոշում է։
Ընկերության իրավաբանական խմբի անդամ Արմեն Հարությունյանը մանրամասներ ներկայացրեց քրգործից՝ նշելով, որ այն անօրինական է։
«Քրեական գործ է հարուցվել այն մարմնի կողմից, որն ընդհանրապես նման լիազորություններ չի ունեցել։ Գործը հարուցվել է դատավարական ժամկետների կոպիտ խախտումներով։ Մեր իրավաբանական թիմն աշխատում է քաղաքապետարանի հետ և քաղաքապետարանի դեմ հայց կա ներկայացված», - ասաց Արմեն Հարությունյանը։
Նշենք, որ «Սանիթեք» ընկերության ղեկավարն ասուլիսին մասնակցում էր տեսակապի միջոցով։ Ավելի վաղ նախատեսվել էր, որ ասուլիսը կայանալու էր Թբիլիսիում, ավելի ուշ արդեն որոշում ընդունվեց այն անցկացնել Երևանում։
«Մամուլի ասուլիսը Թբիլիսիում կազմակերպելը միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը` ելնելով քաղաքացիների և Երևան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից և վերաբերմունքից, քանի որ նրանց ներկությունը Երևանում այս փուլում ցանկալի չէ` չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ։ Որպեսզի հնարավոր լինի խուսափել ընկերության դեմ նոր քարոզարշավի թեմայի ստեղծումից և չկորցնել հիմնական նպատակը, ընկերության մամուլի ասուլիսը կկայան Երևանում», - հայտարարել էին «Սանիթեքից»։