02/08/2019 14:24
Սոչիի օդանավակայանը հերքել է հայ աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու մասին տեղեկությունը
Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակիցների զանգվածային հեռացման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և վիրավորական է ընկերության համար: Այս մասին ТАСС-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում չորեքշաբթի հայտնվել են Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակիցների ուղերձները, որոնք հայտնել են, թե ընկերությունն, իբրև թե արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատանքից հեռացնում է աշխատակիցներին՝ ազգային հատկանիշներով: Հայտարարության մեջ ասվում է, որ այս խնդիրը վերաբերում է օդանավակայանի 200 աշխատակիցներին, որոնից մոտ 100-ն արդեն աշխատանքից ազատված են:
«Սոչիի միջազգային օդանավակայանը պաշտոնապես հայտարարում է, որ ընկերության կադրային քաղաքականությունը համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրության բոլոր նորմերին և պահանջներին:
Օդանավակայանի աշխատակազմը բամազգ է, և դա մենք համարում ենք մեր առավելությունը: Կադրային որոշումներ կայացնելիս միշտ հիմնվում ենք կորպորատիվ ստանդարտների, կանոնակարգերի, էթիկական նորմերի վրա, որոնք գոյություն ունեն բազմազգ թիմում, Սակայն աշխատակիցների փոքր մի խումբ, որոնք վերջերս դադարեցրել են իրենց աշխատանքային հարաբերությունները օդանավակայանի հետ, դիտավորյալ օգտագործում են ազգային դրդապատճառն իրենց անձնական շահերի համար՝ հատուկ պայմաններ պահանջելով իրենց համար», - հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
«Սոչիի օդանավակայանը կոչ է անում անօրինական գործողությունների նախաձեռնողներին հրաժարվել Ռուսաստանի Դաշնության օրենքները խախտող այսպիսի գործողություններից», - ասվում է հաղորդագրության մեջ: