02/08/2019 18:45
ԱՄՆ-ն պատրաստ է հազարավոր զինծառայողների դուրս բերել Աֆղանստանից
Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստվում են իրենց հազարավոր զինծառայողներին դուրս բերել Աֆղանստանից՝ հանրապետությունում խաղաղ կարգավորման գործարքի շրջանակներում «Թալիբան» արմատական շարժման կողմից մի շարք զիջումների փոխարեն, հայտնում է «The Washington Post»-ը՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին:
Նրանց տվյալներով, ըստ պայմանավորվածությունների, թալիբները պետք է Աֆղանստանի կառավարության հետ բանակցություններ սկսեն ավելի ընդգրկուն հաշտության համաձայնագրի շուրջը: Ըստ որում ԱՄՆ-ն երկրում իր զորակազմը կկրճատի մոտավորապես 14 հազարից մինչև 8-9 հազար զինծառայող:
Այդքան էր տեղաբաշխված հանրապետությունում, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականին զբաղեցրեց իր պաշտոնը:
Համաձայնությունների շրջանակում թալիբները պետք է, մասնավորապես, պահպանեն հրադադարի ռեժիմը և հրաժարվեն «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի հետ կապերից:
Համաձայնագիրը ձևակերպվել է թալիբների և Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադի միջև մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքներով: