02/08/2019 15:37
Եկե՛ք մարզադաշտ, երկրպագե՛ք ձեր նախընտրած թիմերին. Արթուր Վանեցյանի ուղերձը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշրջանի մեկնարկի կապակցությամբ, տեղեկացնում է ՀՖՖ լրատվական ծառայությունը.
«Հարգելի ֆուտբոլասերներ, այսօր Գյումրիում և Երևանում կայանալիք 2 հանդիպումներով մեկնարկում է Հայաստանի բարձրագույն խմբի հերթական՝ 28-րդ մրցաշրջանը, որին մասնակցելու են 10 թիմեր: Վերջին անգամ մեր բարձրագույն խմբում մասնակիցների նման քանակ ունեցել ենք հեռավոր 2002 թվականին: Օրեր անց մեկնարկելու է նաև Հայաստանի առաջին խմբի մրցաշարը, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 18 թիմեր: Բնականաբար, սրանք ուրախացնող, հույս ներշնչող թվեր են:
Հուլիսին Երևանում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների եզրափակիչ մրցաշարը, որի կազմակերպումը միջազգային փորձագետների, ՈւԵՖԱ-ի ղեկավարների կողմից արժանացավ ամենաբարձր գնահատականների: Հայաստանը, Երևանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մրցաշարի ամբողջ ընթացքում եվրոպական ֆուտբոլի կենտրոններից մեկն էր:
Այդ մրցաշարի դրական մթնոլորտը, բարձր կազմակերպվածությունը կարծես փոխանցվել է եվրագավաթներում հանդես եկող մեր թիմերին. «Արարատ Արմենիան» և «Փյունիկը» շարունակում են իրենց ելույթները, «Ալաշկերտն» էլ պայքարը լքեց արժանապատիվ ֆուտբոլ ցուցադրելով: Եվրագավաթների պատմության ընթացքում արդեն այս պահի դրությամբ Հայաստանը ռեկորդային ցուցանիշ է գրանցել և դեռ հույսեր կան, որ մեր թիմերը էլ ավելի կզարգացնեն այս հաջողությունները:
Արձանագրված դրական միտումները պետք է շարունակվեն նաև Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարում:
Կոչ եմ անում մեր թիմերին՝ մրցաշարի ընթացքում ներդնել իրենց ամբողջ կարողությունները, առաջնորդվել արդար խաղի, մրցակցի նկատմամբ հարգանքի սկզբունքներով:
Կոչ եմ անում ֆուտբոլասերներին՝ եկե՛ք մարզադաշտ, երկրպագե՛ք ձեր նախընտրած թիմերին: Բարի երթ», - ասված է Արթուր Վանեցյանի ուղերձում։