02/08/2019 15:54
Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորը հրաժարական է տվել
Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորը հրաժարական է տվել, այս մասին ասված է ինստիտուտի Facebook-ի էջում։
«Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարական տվեց՝ լքելով բուհի ռեկտորի պաշտոնը, որին նվիրել է իր կյանքի 20 տարին:
Վահրամ Առաքելյանն այս տարիների ընթացքում փայլուն օրինակ դարձավ մի ռեկտորի, ով վերադասավորեց ինստիտուտի առաջնահերթությունները, սրտացավորեն ու նվիրումով լծվեց բուհի ամենամեծ ու անգամ աննշան խնդիրներն ու կարիքները լուծելու գործին, համախմբեց գիտամանկավարժական մտքի ու դասախոսական կազմի լավագույն ներկայացուցիչներին, շատերին ճանապարհ ցույց տվեց ու հարթեց հաջողությունների ու լավագույն ձեռքերումների ուղին, վերարժևորեց ու ներդրեց բուհական կյանքում այն ամենն, ինչ առաջադեմ է, արժեքավոր ու ստեղծարար:
Խորը հարգանքով արժևորելով երկրի միակ մարզական բուհի յոթ տասնամյակից ավելի պատկառելի պատմությունը և այդ պատմությունը կերտողների գործը՝ ռեկտոր Առաքելյանը երբևէ չխուսափեց բարեփոխումներից, շատ հաճախ նաև կայացրեց արմատական փոփոխություններ անելու որոշումներ, որոնք ուղղակիորեն օժանդակեցին բուհի զարգացմանն ու առաջընթացին:
Հայրենական ու միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու ռեկտորի բացառիկ ունակության շնորհիվ ինստիտուտը ճանաչելի դարձավ միջազգային բուհերի քարտեզի վրա:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, որը միջազգային համագործակցության առումով արդեն առաջատար դիրքերում է, ռեկտորի տարբեր նախաձեռնությունների շնորհիվ համաշխարհային կրթական տարածքում բարձրացրեց սեփական դերն ու կշիռը:
Աշխատանքն առաքելություն դարձնելու իր օրինակով ոգեշնչեց ու ոգևորեց բուհի երիտասարդ դասախոսներին ու աշխատակիցներին՝ չխնայելով որևէ միջոց ու ջանք, որը հնարավորություն տվեց երիտասարդներին դառնալու առավել փորձառու, հմուտ մասնագետ:
Վահրամ Առաքելյանի անցած ճանապարհը, նրա կերպարն ու դավանած արժեքները իր կողքին են համախբել բազում մեծանուն գործիչների, մարզական ոլորտի կարկառուն դեմքերին, գիտակրթական շրջանակների երախտավորներին, ովքեր տարբեր առիթներով ընդգծում են՝ անուրանալի ու անգնահատելի են ռեկտոր Առաքելյանի մեծ ավանդն ու ներդրած ջանքերը՝ ի նպաստ հարազատ բուհի և սպորտի ոլորտի զարգացմանը: Ինստիտուտը իր համար հարազատ կառույց է, որի ամեն մի դրական փոփոխություն նրան ուրախացնում է, իսկ անհաջողությունը՝ տխրեցնում։
Աշխատանքային մեծ փորձ ունեցող և մեր հանրապետության համար մեծ դերակատարում ունեցող ռեկտոր Առաքելյանը շատ սիրված է նաև ուսանողների և շրջանավարտների կողմից, ինչը բացառիկ երևույթ է, և հպարտորեն պետք է խոսել այդ մասին:
Սերունդների կրթության հիմքում, ասում է, կարևոր է հայրենասեր, բազմակողմանի զարգացած և առաջընթացի ճանապարհը հաստատուն կերպով հարթող սերնդի դաստիարակումը՝ խորհուրդ տալով բոլորին շարժվել առաջ հայացքը ապագային ուղղված դրական տրամադրվածությամբ, գիտելիքների ձեռքբերման մեծ եռանդով ու վստահությամբ:
Եվ այդ նույն դրական տրամադրվածությամբ ռեկտոր Առաքելյանը թողնում է իր պաշտոնը՝ լիահույս, որ իրեն հաջորդողը նույնքան մեծ եռանդով, նվիրումով և բուհի լավագույն ապագայի կերտման խորը հավատով կշարունակի այն բոլոր ծրագրերն ու գործերը, որոնք մնացին անավարտ», - ասված է ինստիտուտի տարածած հայտարարության մեջ։