03/08/2019 10:40
Մահացել է Վահե Դավթյանը. երգիչը 44 տարեկան էր
Երկարատև հիվանդությունից հետո այսօր 44 տարեկանում կյանքից հեռացել է 90-ականների սիրված ու ճանաչված երգիչ Վահե Դավթյանը: Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ երգչի ընկեր, Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արամ Մանուկյանից:
«Վահեն մի քանի օր առաջ էր վերադարձել Ֆրանսիայից, որտեղ մեկնել էր բուժվելու նպատակով, մահացավ իր հայրական տանը: Վերջին անգամ իրեն հանդիպել եմ, երբ վերադառնում էր իր ընտանիքի հետ: Դիմավորեցինք ու տարանք իր հայրական տուն: Արդեն շատ վատ վիճակում էր… Հետը խոսել չի ստացվել, ինքն իր մտքերի ու ցավերի հետ էր», - նշեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ երգիչ, երաժիշտ Վահե Դավթյանի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էր հայտնաբերվել 2018 թվականի աշնանը: Ծննդյան 44-րդ տարեդարձը տոնելուց երկու շաբաթ անց երգիչը որովայնի ցավով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ախտորոշվել է չարաբաստիկ հիվանդությունը:
Հոկտեմբերի 20-ին Վահե Դավթյանը կդառնար 45 տարեկան: Նա ամուսնացած էր, ունի երկու զավակ: