05/08/2019 12:12
ՍԴ նախագահի խորհրդական. Սահմանադրության և Սահմանադրության երաշխավորի նկատմամբ ոտնձգությունները ոչ մի պետությունում չեն կարող մնալ անպատասխան
Аysor.am-ի զրուցակիցն է Հայդելբերգի Ռուպրեխտ-Կառլի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավագիտության մագիստրոս, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը:
- Պարոն Մուրադյան, ավելի քան մեկ ամիս է՝ կառավարության ղեկավարն ու «Իմ քայլը» խմբակցության անդամները թիրախավորել են ՍԴ-ն, ի վերջո, ի՞նչ է կատարվում Սահմանադրական դատարանի շուրջ:
- Կարծում եմ՝ թիրախավորելը շատ մեղմ ձևակերում է: Վերջին շրջանում քաղաքական իշխանությունը և նրան սպասարկող տարբեր տրամաչափի քարոզիչներ հարձակվել են Սահմանադրության 213-րդ հոդվածի վրա և, նենգափոխելով նրա էությունը և նրա համակարգային կապը Սահմանադրության այլ հոդվածների հետ, սկզբում փորձ էին անում ապալեգիտիմացնել Սահմանադրական դատարանը, իսկ այժմ պարզապես թիրախավորել են Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի անձը՝ նրա նախագահ Հրայր Թովմասյանին: Թերևս պատճառն այն է, որ ներքին ու արտաքին ամենահեղինակավոր հարթակներում լիարժեք ձախողվելով Սահմանադրական դատարանի ապալեգիտիմացման հարցում՝ նրանք որոշել են «բարոյական դասեր» տալ Սահմանադրական դատարանի նախագահին:
- Արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը օրերս «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, թե Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ է նշանակվել՝ չարաշահելով Սահմանադրության 213-րդ հոդվածը: Իրավական հիմքեր ունի՞ այս հայտարարությունը:
- Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ՀՀ արդարադատության նախարարի գնահատականները ոչ այլ ինչ են, քան անհեթեթութուն: Ընդ որում, որպես փաստարկ կրկին ներկայացվում է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելուց 20 օր առաջ հրաժարական ներկայացնելը, որը հնարավորություն տվեց Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանին ընտրվելու ՍԴ նախագահի պաշտոնում: Կրկնում եմ՝ փաստելով ՍԴ-ն ապալեգիտիմացնելու փորձերի լիակատար ձախողումը, այժմ մեր հանրությանը փորձում են ցույց տալ, թե որքան «վատ» մարդ է Հրայր Թովմասյանը և ինչպիսի «վատ» բան է նա արել: Երբ այս առումով ցանկացած իրավական հարց են ուղղում այս անձանց, նրանք միանգամից հարցը տեղափոխում են քաղաքական կամ բարոյական տիրույթ՝ լավ հասկանալով իրավական առումով սեփական սնանկությունը և այն ի ցույց դնելու վտանգավորությունն այդ անձանց թե՛ մասնագիտական, թե՛ ընդհանրապես ապագայի համար:
- Խնդրում եմ, մանրամասնեք՝ ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ փորձում են նենգափոխել 213-րդ հոդվածի էությունը:
- Տեսեք, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի ոչ մի կոնկրետ ժամկետ որևէ կերպ չէր կարող կանխատեսելի լինել 2015 թվականի հոկտեմբերին, երբ Սահմանադրության փոփոխությունների վերջնական տեքստը, այդ թվում՝ 213-րդ հոդվածը ներկայացվել էր Ազգային ժողովի հավանությանը, ուստի այդ անհեթեթ պնդման համար իրավաբանն առնվազն պետք է որևէ փաստական հիմք ունենա, այլապես նույն տրամաբանության շրջանակներում և նույնպես առանց փաստերի կարելի է պնդել, որ ՀՀ արդարադատության նախարարը նշանակվել է ոչ թե որևէ արժանիքի համար, եթե այդպիսիք կա, այլ սոսկ կոնկրետ առաջադրանքներ կատարելու համար:
Փորձեմ ավելի պարզ բացատրել. ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի և հրաժարականի ժամկետի համար պատասխանատուն Հրայր Թովմասյանը որևէ կերպ չէր կարող լինել: Ասեմ ավելին, համաձայն Գագիկ Հարությունյանի հրաժարականի պահին գործած՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 83-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ Սահմանադրական դատարանի կազմից Ազգային ժողովը պարտավոր էր նշանակել Սահմանադրական դատարանի նախագահ, հետևապես՝ եթե Հրայր Թովմասյանն ընտրվեր 2018 թվականի ապրիլի 9-ից հետո, ապա այդ ժամանակ էլ ճամարտակելու էին, որ Սահմանադրության խախտմամբ ԱԺ-ն քաղաքական և անձնական նպատակներով ձեռնպահ է մնացել ՍԴ նախագահ ընտրելուց, որպեսզի հետագայում Հրայր Թովմասյանն ընտրվի ՍԴ նախագահ և պաշտոնավարի որպես ՍԴ դատավոր, այլ ոչ թե ՍԴ անդամ:
- Այդ դեպքում ինչո՞ւ է Արդարադատության նախարարը պնդում, թե Թովմասյանը չարաշահել է Սահմանդրությունը:
- Սահմանադրության չարաշահման մասին խոսք անգամ չի կարող լինել. դա ոչ սահմանադրական իրավունքի տեսությանը, ոչ պրակտիկային, ոչ էլ իրավունքին ընդհանրապես հայտնի մոտեցում չէ: Բադասյանի հարցազրույից պարզ է դառնում, որ խոսքը ոչ թե իրավական, այլ զուտ գնահատողական-բարոյական իբրև թե խնդրի մասին է: Ռ. Բադասյանն, իր կամքից անկախ, «հայտնագործություն է» արել, «բնությանն ու գիտությանն» անհայտ նոր իրավական «հասկացություն» է մտցրել շրջանառության մեջ։ Ստացվում է, որ գործող Սահմանադրության, Սահմանադրական դատարանի մասին օրենքի, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքին համապատասխան նշանակվելը Սահմանադրության չարաշահում է, ընդ որում, միայն բարոյական հարթության մեջ, այլ խոսքերով՝ այս մարդկաց տրամաբանությամբ Սահմանադրության պահանջը կատարելն անբարոյական է:
- Պարոն Մուրադյան, գործադիրի կամ օրենսդիրի ներկայացուցիչները իրավունք ունե՞ն բարձրացնելու ՍԴ նախագահի և դատավորների հրաժարականի հարցը:
- Իհարկե, ոչ: Սահմանադրության, սահմանադրական կարգի և Սահմանադրության երաշխավորի նկատմամբ ոտնձգությունները ոչ մի պետությունում չեն կարող մնալ անպատասխան, քանի որ հակառակ դեպքում պետական անվտանգությունը չի կարող ապահովվել, չի լինի իրավակարգ և Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել իրավական պետություն, եթե ընդհանրապես կարողանա շարունակել իր գոյությունը քաղաքակիրթ աշխարհում՝ որպես նրա լիիրավ անդամ: Հարկ եմ համարում հիշեցնել, որ համաձայն Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող գլխում շարադրված Քրեական օրենսգրքի 301.1-ին հոդվածի՝ Սահմանադրական դատարանին պարտադրելն առանձնապես ծանր հանցագործություն է: Կցանկանայի, որ ուշադրությունից չվրիպեին նաև Քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հոդվածները և մի շարք այլ վերաբերելի հոդվածներ: Շատ արդիական կարող է դառնալ նաև Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասը (դատավորին գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ կապված զրպարտելը):
Կարծում եմ, որ Սահմանադրության երաշխավորի՝ Սահմանադրական դատարանի ապալեգիտիմացման փորձերի նպատակն այն է, որպեսզի հող նախապատրաստվի Սահմանադրական դատարանի որոշումները չկատարելու համար: Այդ մարդիկ պետք է գիտակցեն, որ դրանով պարզապես խաթարելու են սահմանադրական կարգի հիմքերը, և ոչնչացնելու են մեր պետությունում իրավական անվտանգությունը, որը իրավական պետության հիմնարար սահմանադրական սկզբունքի տարրական դրսևորումներից մեկն է: