05/08/2019 20:30
ՀՀ բնակչությունը մինչև 2050թ. դարձնել 5 միլիոն. Փաշինյանը ներկայացրեց ռազմավարական նպատակները
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախի Վերածննդի հրապարակում, որտեղ նա Արցախի բարձրագույն իշխանության հետ մասնակցում է միասնական հանրահավաքի, ներկայացրեց մինչև 2050 թվականի ռազմավարական նպատակները։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները՝
Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու,
ստեղծել 1 մլն 500 հազար աշխատատեղ,
լուծել 2.5 մլն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը,
Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը,
ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ,
յոթնապատկել միջին աշխատավարձը,
բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առաջին քսանյակում,
ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը,
ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը 20-ապատկել,
կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը 20-ապատկել,
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի,
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ, և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։
Համոզված եմ, հիմա ձեզանից շատերը հարցնում են՝ իսկ ինչու՞ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ»։
Փաշինյանն ասաց, որ վերոնշյալը ռազմավարական նպատակների աշխատանքային տարբերակն է, ինչը նշանակում է, որ այն պետք է հղկվի հավելյալ քննարկումների արդյունքում։