05/08/2019 20:54
Ուղղակի անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ. Նիկոլ Փաշինյան
Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման ու անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունն, այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի լինել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանաության դեպքում։
Հատկապես այս սկզբունքը կարևոր եմ համարում ընդգծել, ցույց տալու համար, որ անիմաստ է, ուղղակի անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ։ Դավադրությունը բացառված է հենց մեր կառավարության ծագումնաբանության բերումով։ Մենք Արցախի հարցի կարգավորման բանակցային սեղանի շուրջ հայտնվել ենք որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ և, հետևաբար, այդ սեղանի շուրջ կարող ենք պաշտպանել միայն ժողովրդի ցանկություններն ու իղձերը», - ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով.
«Սա մեզ յուրաքանչյուրս տալիս է այնպիսի մի երաշխիք, որով արմատախիլ պետք է արվի դավադրության որևէ՝ նույնիսկ ամենաանհավանական տեսություն»։