05/08/2019 14:16
«Շշի Մելոյի» եղբայր Ռոբերտ Մանուկյանը ոստիկանությունում բռնության ենթարկվելու մասին հաղորդում է տվել իրավապահներին. Ինչո՞ւ է դատարանը որոշել ազատել նրան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) եղբոր՝ Ռոբերտ Մանուկյանի փաստաբանի բողոքը, և Մանուկյանն ազատ է արձակվել։
Հիշեցնենք՝ Մանուկյանը ձերբակալվել էր Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի ժամանակ քննությանը խոչընդոտելու համար։ Մասնավորապես, Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել էր Քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը միջամտելուն դրդելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։
Մեքենան դեպքի վայրից հեռացնելու գործով ձերբակալվել է նաև Մելիք Մանուկյանի թիկնապահ Մարկոս Մարկոսյանը: Քննության տվյալներով, դեպքի վայրից հենց նա է Ռոբերտ Մանուկյանի դրդմամբ հեռացրել մեքենան:
Ռոբերտ Մանուկյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը բողոքարկել էր Ռոբերտ Մանուկյանին ձերբակալելու որոշումը։ Նա Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանը բավարարել է իրենց բողոքը, քանի որ պարզել է՝ Մանուկյանին ոստիկանություն բերման ենթարկելու, ձերբակալելու ոստիկանության գործողությունները եղել են ոչ իրավաչափ։
«Դատարանը այն եզրահանգման եկավ, որ Ռոբերտ Մանուկյանը ակնհայտ անօրինական է բերման ենթարկվել ոստիկանություն, ապա բռնության ու ծեծի է ենթարկվել ոստիկանությունում», - ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ ոստիկանությունում իրեն բռնության ենթարկելու մասին հաղորդում է տվել Գլխավոր դատախազություն ու Հատուկ քննչական ծառայություն։
Դիտարկմանը, թե ոստիկանությունը հայտարարել էր, որ Ռոբերտ Մանուկյանին բերման ենթարկելիս գործել է իրավաչափ և նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն չի կիրառվել, Սարգսյանը արձագանքեց. «Իրավական հերքում չի եղել, ոստիկանությունը ընդամենը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ ինչպիսի ֆիզիկական ուժ են գործադրում։ Ես փորձագետ չեմ, բայց Մանուկյանի վրա առկա վնասվածքները ակնհայտորեն վկայում են այն մասին, որ նման վնասվածքներ չէին կարող առաջանալ միայն բերման ենթարկելու ընթացքում։ Նրան ոստիկանության բաժանմունքում ծեծի են ենթարկել»:
Բացի այդ, ըստ Սարգսյանի ոստիկաններն իրավունք չունեին անձին բերման ենթարկել. «Դուք պատկերացրեք՝ ինչպես է եղել. Ռոբերտ Մանուկյանը վարույթն իրականացնող մարմնին՝ քննչական բաժնին հայտնի է եղել, հայտնի է եղել նաև նրա բնակության վայրը, հեռախոսահամարը, ներկայանալու ծանուցագիր չի ուղարկում, բայց Մանուկյանի հետևից գնում է ոստիկանական մեքենան։ Դրա համար ծանուցագիր կա, հեռախոս կա, զանգում են անձին հրավիրում քննչական բաժին։ Օրենսդիրը կարգավորում է այդ ընթացակարգերը»։
Փաստաբանը պնդում է, որ ոստիկանությունը չէր կարող բերման ենթարկել, եթե քննիչը նման հանձնարարություն չի տվել հետաքննության մարմնին՝ ոստիկանությանը։
«Քննիչը դատական նիստում հայտարարեց հստակ, որ իրենք բերման ենթարկելու որևէ որոշում, որևէ ծանուցագիր չեն ուղղել հետաքննության մարմնին», - նշեց Հովսեփ Սարգսյանը։
Հարցին, թե ոստիկանությունը ստացվում է՝ ինքնագործունեությո՞ւն է ծավալել, փաստաբանը պատասխանեց. «Եթե քննիչի խոսքերին գնահատողական մեկնաբանություն ցուցաբերենք, ապա այո, ոստիկանությունը ինքնագլուխ է գործել»։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Մանուկյանին առնչվող Քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործին, Սարգսյանն ասաց, որ առանձնապես ծանր հոդված չէ և այդ քրեական գործով որևէ նախադեպ չկա, որ անձը ձերբակալվի կամ կալանավորվի։ Հարցին, թե եթե այս հոդվածով ժամկետը լրանալուց հետո Մանուկյանին մեղադրանք առաջադրվի, իրենց համար ընդունելի՞ կլինի, Սարգսյանը պատասխանեց. «Մենք այդ հարցը դեռ չենք քննարկում։ Մեզ այս պահին հետաքրքրում էր զուտ ձերբակալման փաստը»։