05/08/2019 16:47
Վերաքննիչը բեկանել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն թույլատրելու որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը որոշում է կայացրել բավարարել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով նրա պաշտպանի ներկայացրած բողոքը՝ բեկանել խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։
«Այսօր Վերաքննիչ դատարանը բավարարեց Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը բեկանեց խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը», - այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։
Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն էր, որը որոշել էր կասեցնել այդ գործի վարույթը և դիմել Սահամանդրական դատարան՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար։
Ինչպես նաև Արցախի նախագահների անձնական երշախավորությամբ որոշել էր կալանքից ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Ավելի ուշ հայտարարվեց, որ Գրիգորյանը որպես վկա անցնում է պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով։ Վերջերս այդ գործով նա ներգրավվեց որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել։
ԲԴԽ որոշմամբ նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։ Նրա պաշտպանությամբ զբաղվելու պատրաստակամություն է հայտնել շուրջ 100 փաստաբան։