05/08/2019 19:49
2018 թվականի գարնանն Արցախը կանգնեց Հայաստանի և հեղափոխության թիկունքին. Նիկոլ Փաշինյան
2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նոր իրողություններ է հաստատել ՀՀ-ում։ Հասկանալիորեն Հայաստանում այդ նոր իրողությունները պետք է իրենց ուղղակի ազդեցությունն ունենան Սփյուռքի և Արցախի կյանքի վրա, այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ այսօր լայնորեն քննարկվում է այն հարցը, թե ինչպիսի՞ն պետք է լինի այդ ազդեցությունը Սփյուռքի և Արցախի կյանքի վրա։ Փաշինյանի խոսքով՝ այդ հարցի օրգանական պատասխանը գտնելու համար նախ անհրաժեշտ է արձանագրել և գնահատել 2018 թ. տեղի ունեցած հեղափոխության էությունը։
«Այն, որ հեղափոխության օրերին Արցախը կարողացավ ամուր և կայուն պահել առաջնագիծն, աննկարագրելի զորություն և վստահություն տվեց Հայաստանին, հեղափոխությանը, որովհետև առաջնագծում տեղի ունեցած ցանկացած սադրանք կարող էր գլխիվայր շրջել Հայաստանում քաղաքական զարգացումների տրամաբանությունը և բերել անկանխատեսելի հետևանքների», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ հեղափոխության այդ օրերին, ըստ էության, դերերի խորհրդանշական փոփոխություն է տեղի ունեցել։
«Եթե հեղափոխությունից առաջ և հետո ՀՀ-ն է կանգնած Արցախի թիկունքին, 2018 թվականի գարնանն Արցախը կանգնեց Հայաստանի և հեղափոխության թիկունքին՝ ամուր պահելով այդ թիկունքը, մեծ ուժ տալով հեղափոխության գործընթացներին։ Հպարտ ենք ձեզանով, սիրելի՛ արցախցիներ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։