05/08/2019 11:45
Չինաստանի լեռներում անձրևների պատճառով 9 մարդ է մահացել
Չինաստանի Հուբեյ կենտրոնական նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած լեռնային հեղեղների պատճառով մահացել է 9 մարդ, ևս 4-ն անհայտ կորած է համարվում, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի մասին: Դրանից բացի, տեղեկություն է եղել այն մասին, որ 10 մարդ ծուղակում է հայտնվել լեռնային կիրճում:
Երկուշաբթի առավոտյան եղած տեղեկություններով՝ 61 մարդ փրկվել է:
Պատահարը տեղի է ունեցել կիրակի տեղական ժամանակով մոտ 23:00-ին, երբ հորդ տեղումների հետևանքով Հեֆեն գավառի տարածքում տասնյակ մարդիկ լեռնային կիրճում ծուղակի մեջ են հայտնվել:
Պատահարի վայր է ուղարկվել 14 ավտոմեքենա և վթարային-փրկարարական ծառայությունների ավելի քան 60 աշխատակից: Որոնողական աշխատանքները շարունակվում են: