06/08/2019 14:07
«Պոբեդա» ավիաընկերությունը ձմեռային սեզոնից դադարեցնում է չվերթները դեպի Հայաստան
«Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է Գյումրի (Հայաստան) չվերթները: Այս մասին ТАСС-ին հայտնել է աղբյուրն ավիաընկերությունում։
Ըստ նրա՝ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերլիցքավորման հետ:
«Գյումրիի օդանավակայանում, ցավոք, վառելիքի լիցքավորման ընկերությունը պարբերաբար թերլիցքավորում է կատարում: «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով պարզել իրավիճակը: Սակայն օդանավակայանի միջոցառումներն անբավարար են, և վառելիքի լիցքավորողը շարունակում է թերլիցքավորման պրակտիկան: «Պոբեդան» իր ծրագրած չվերթները Գյումրի կկատարի մինչև ամառային սեզոնի վերջը, որպեսզի իր հաճախորդներին դժվար դրության մեջ չդնի, բայց ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքը դադարեցված է», - ասել է նա:
Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ տոմսերի վաճառքը դադարեցված է: