06/08/2019 16:07
Թույլ չենք տա, որ Ղարաբաղում բռնություն կիրառվի. Արայիկ Հարությունյան
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը քաղաքական բոլոր ուժերին կոչ է անում տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով:
«Մենք ունենք բավարար ռեսուրս, կամք ու ցանկություն, որ սեղանի շուրջ մեր բոլոր հարցերի պատասխանները ստանանք: Ուզում եմ Արցախի քաղաքական բոլոի ուժերին, քաղաքական գործիչներին կոչ անել` նստել սեղանի շուրջ ու այն բոլոր տարաձայնությունները, որ կան, լուծել սեղանի շուրջ, բանակցությունների միջոցով», - Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը:
Խոսելով նախընտրական պայքարի ընթացքում բռնության հավանական կիրառման մասին՝ նա նշեց, որ պետք է բացառել բռնությունը, իսկ ովքեր բռնություն կկիրառեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
«Մենք թույլ չենք տա, որ Ղարաբաղում բռնություն կիրառվի: Եթե տեղի է ունենում խուլիգանություն, իրավապահները գնահատական են տալիս, դա ընդունելի է, այդպես էլ պետք է լինի: Չենք կարող բացառել, որ ցանկացած պահի կարող է նման բան տեղի ունենալ, բայց բռնություն կիրառելն անթույլատրելի է, և ով փորձի օրենքը խախտել, պետք է պատասխանատվության ենթարկվի», - նշեց նա: