06/08/2019 11:57
Անկայունությունն Արցախում անթույլատրելի է. Արմեն Սարգսյան
Երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը Հայաստանի և Արցախի ղեկավարների միացյալ հանդիպում էր ժողովրդի հետ, և ինչպես կարելի է նման միասնությունը չողջունել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը:
Նա նշեց, որ ամեն մի քաղաքական ուժ ունի իր դիրքորոշումը տարբեր քաղաքական հարցերի վերաբերյալ և Դաշնակցության քաղաքականության առաջնահերթությունը եղել և մնում է Արցախի միացումը Հայաստանին:
«Դաշնակցության համար Արցախը Հայաստան է: Հետևաբար այս հանրահավաքի վերաբերյալ իմաստ չենք տեսել հայտարարությամբ հանդես գալ, որովհետև Դաշնակցության քաղաքականության առանցքը և առաջնահերթ նպատակը հենց այս միասնությունն է: Մենք կողմ ենք Արցախի և Հայաստանի ոչ թե ուժեղ կապին, այլ միասնությանը, և այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք մենք նման միջոցառմանը ներկա չլինել», - ընդգծեց Ա. Սարգսյանը:
Անդրադառնալով հանրահավաքին՝ Հայաստանի և Արցախի ղեկավարների մասնակցությանը, նա նշեց, որ սկզբում մի փոքր տարօրինակ էր, երբ հայտարարվեց, որ հանրահավաքին ներկա է լինելու միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց հետո, երբ հայտարարվեց նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի մասնակցության մասին, ըստ պատգամավորի, Հայաստանի և Արցախի ղեկավարների նման նախաձեռնությունը պետք է միայն ողջունել:
«Մեզ միշտ մտահոգում է Արցախում հնարավոր ներքին անկայունությունը, քանի որ դա կարող է դառնալ մեր «աքիլլեսյան գարշապարը»: Եվ կարծում եմ, որ այս հանրահավաքի միջոցով ևս մեկ քայլ է արվում ստեղծված քաղաքական մթնոլորտի լիցքաթափման և Արցախում ներքաղաքական ավելի հանգիստ իրավիճակ ապահովելու համար», - նկատեց Ա. Սարգսյանը:
Շարունակելով ներկայացնել Դաշնակցության տեսակետները Հայաստանի և Արցախի միացյալ օրակարգի վերաբերյալ, պատգամավորն ասաց, որ Հայաստանը պետք է լինի ոչ միայն Արցախի անվտանգության, այլ նաև անկախության երաշխավորը: Եվ, հետևաբար, եթե ՀՀ վարչապետը գալիս և Արցախի նախագահի հետ միասին հանդիպում է Արցախի ժողովրդի հետ, ապա, ըստ նրա, ՀՀ իշխանությունը փորձում է քայլ կատարել նաև Արցախի անկախության երաշխավորը լինելու հարցում: