06/08/2019 16:52
Վառելիքի թերլիցքավորումը լուրջ սպառնալիք է. «Պոբեդա» ավիաընկերությունը Գյումրիի օդանավակայանից երաշխիքների է սպասում. «Sputnik Արմենիա»
«Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի դեպի Գյումրի թռիչքներ իրականացնել միայն այն դեպքում, եթե հայկական օդանավակայանից երաշխիքներ ստանա, որ վառելիքի թերլիցքավորման դեպքերը կբացառվեն, «Sputnik Արմենիա»-ին ասել է ավիաընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան։
«Ցավոք, Գյումրիի օդանավակայանում լիցքավորող ընկերությունը պարբերաբար թերլիցքավորում է կատարում։ «Պոբեդան» բազմաթիվ անգամ դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով խնդրին լուծում տալ։ Սակայն օդանավակայանի հնարավորությունները բավարար չեն և լիցքավորող ըներությունը շարունակում է գործել նույն կերպ», - ասել է Սելիվանովան։
Նրա խոսքով՝ մինչև ամառվա վերջ ավիաընկերությունը կիրականացնի բոլոր նախատեսված թռիչքները, սակայն ձմռան սեզոնի համար այս ուղղությամբ այլևս տոմսեր չեն վաճառվի։
«Վառելիքի թերլիցքավորումը ոչ թե թյուրիմացություն է, այլ լուրջ սպառնալիք անվտանգության համար։ Մենք երթուղու համար հաշվարկում ենք վառելիքի հստակ չափ։ Պատկերացնու՞մ եք, եթե վառելիքը չբավարարի արտակարգ իրավիճակում։ «Պոբեդան» կշարունակի դեպի Գյումրի թռիչքներ իրականացնել միայն այն դեպքում, եթե «Շիրակ» օդանավակայանից հստակ երաշխիքներ ստանա, որ ապագայում թերլիցքավորման դեպքերը կբացառվեն ու նախկին թերլիցքավորումների համար փոխհատուցում կտրվի», - ընդգծել է Սելիվանովան։
Նա նաև հայտնել է, որ Վարդան Ալեքսանյանն, ում լրատվամիջոցները դիմել են ավիաըկերության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, չի կարող ներկայացնել «Պոբեդան»։ Նա ընկերության ներկայացուցիչը չէ։ Վարդան Ալեքսանյանն աշխատում է օդանավակայանում՝ սպասարկող ընկերությունում։
Ավելի վաղ Վարդան Ալեքսանյանը հայտնել էր, որ ստեղծված իրավիճակը հարթվել է ու «Պոբեդան» կշարունակի դեպի Գյումրի թռիչքները։