06/08/2019 11:33
Երևան-Սևան մայրուղում պայթյունի գործով երեք անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեք անձ կալանավորվեց՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու մեղադրանքով, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեք անձանց՝ ծնված 1974թ., 1963 և 1966թթ.., մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, դեպքին հնարավոր մասնակցություն ունեցած այլ անձանց շրջանակը, նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:
Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար: