06/08/2019 10:03
«Ժողովուրդ». Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար ժամկետ վաղուց է նախատեսված
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Չնայած կառավարությունը դեռ չի դիմել Սահմանադրական դատարան ԵԽ-ի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի սահմանադրականությունը որոշելու համար, և ոչ էլ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, պարզվում է՝ հայտնի Ստամբուլյան կոնվենցիայի վավերականացման համար նույնիսկ ժամկետներ են նախանշված եղել։
Մասնավորապես, այս տարվա մայիսի 16-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը հաստատել է 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը, և այդ ծրագրում ներկայացված են առաջիկա անելիքները, և ամրագրված են դրանց ժամկետները։
Եվ ահա, այդ նախագծից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որպես միջոցառման իրականացման ժամկետ նախանշված է սեպտեմբերի երկրորդ տասնօրյակը։
Եվ այս պարագայում տեղեկություններն ու մեկնաբանությունները, թե կառավարությունը չի շտապում կոնվենցիայի վավերացման հարցում, ի չիք են դառնում, քանի որ փաստացի ժամկետ վաղուց է նախատեսված: Եվ սա ելնում է կառավարության ծրագրից, և դրա սահմանված ժամկետում խախտում է այդ որոշման պահանջները:
Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ամեն դեպքում, կոնվենցիայի վավերացմանն ուղղված միջոցառումների անցկացման ժամկետները կերկարաձգվեն, քանի որ դեռ պետք է պատասխան լինի Սահմանադրական դատարանից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։