06/08/2019 14:19
Թյուրիմացություն էր, վերացել է. «Պոբեդան» անխոչընդոտ կշարունակի թռիչքներ իրականացնել «Շիրակ» օդանավակայանից
Իրավիճակը նորմալ է, թյուրիմացություն էր եղել, որը վերացել է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Պոբեդա» ընկերության ներկայացուցիչ Վարդան Ալեքսանյանը՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունները։
Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է Գյումրի (Հայաստան) չվերթները: Աղբյուրը լրատվամիջոցներին հայտնել էր, որ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերլիցքավորման հետ:
Հարցին՝ ինչի՞ հետ էին կապված առաջացած թյուրիմացություններն, Ալեքսանյանը պատասխանեց, որ աշխատանքային գործընթաց է և այժմ կարևորը խնդրի լուծման դրական ընթացքն է։
«Ճիշտն ասած՝ թերլիցքավորման հետ կապված մանրամասներին տեղյակ չեմ, դրանք լրիվ ուրիշ ծառայություններ են, բայց ես ձեզ ասեմ, որ թյուրիմացությունը հարթվել է, և կողմերը նորմալ հարաբերություններով կշարունակեն աշխատանքը կատարել», - ասաց Ալեքսանյանը։
Նա տեղեկացրեց, որ ամառային սեզոնին «Պոբեդա» լոուքոսթերի չվերթների քանակն ավելացրել է և հույս հայտնեց, որ դրանք կշարունակվեն նաև ձմեռվա ընթացքում։
«Աշխատանքային գործընթացում թյուրիմացություններ լինում են, բայց կարևորը՝ երկկողմանի ու ջերմ մթնոլորտում լուծվի այդ թյուրիմացությունը», - ասաց նա։