06/08/2019 18:37
ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքները հայտնի են
Գերտերությունների մրցակցությունը, ահաբեկչությունը և կիբեռհանցավորությունը գլխավոր մարտահրավերներն են, որոնք ներկայումս ծառացած են ՆԱՏՕ-ի երկրների և նրանց դաշնակիցների առաջ: Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Նոր Զելանդիա այցի շրջանակում իր ելույթում: Գլխավոր քարտուղարի ելույթը հրապարակել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:
Ստոլտենբերգը՝ որպես առաջնահերթ սպառնալիք նշել է խոշոր տերությունների մրցակցության ուժգնացումը, ինչպիսին են Ռուսաստանը և Չինաստանը: Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական հզորությունների մեծացումը «սպառնալիքի տակ է դնում կանոններով հաստատված կարգը» և գլոբալ գերակայության համար պայքարի ակտիվացման ցուցիչ է: Որպես Ռուսաստանի, իբր, «ագրեսիվ» գործողությունների օրինակ գլխավոր քարտուղարը նշել է 2014 թվականին Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը, օգոստոսի 2-ին Ռուսաստանի դուրս գալը Միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից, նաև այլ երկրների «ժողովրդավարական գործընթացներին» ենթադրյալ միջամտությունը:
Ըստ Ստոլտենբերգի՝ երկրորդ գլոբալ մարտահրավերն ահաբեկչությունն է: Գլխավոր քարտուղարը հիշեցրել է մարտի 15-ին նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի 2 մզկիթի վրա հարձակման մասին, որոնց հետևանքով զոհվել էր 51 մարդ, ևս 50-ը՝ վիրավորվել, նաև Օսլոյի և Ուայթ կղզու ճամբարում ահաբեկչությունների մասին, որոնք տեղի էին ունեցել 2011 թվականին, երբ ինքը Նորվեգիայի վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում:
«Մենք պետք է դատապարտենք ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը՝ անկախ դրանց ձևից ու բնույթից», - հայտարարել է նա:
Ստոլտենբերգը ևս մեկ սպառնալիք է համարում կիբեռտեխնոլոգիաների և դրանց հետ կապված հանցավորության զարգացումը:
«Մենք սկսել ենք հասկանալ, որ կիբեռհարձակումները նույնքան վտանգավոր են, որքան սովորական հարձակումները», - նշել է նա և ավելացրել, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն աշխատում է ցանցային տարածքում իր ինստիտուտների պաշտպանության ուղղությամբ: