07/08/2019 18:21
Զելենսկին զանգահարել է Պուտինին՝ քննարկելու Դոնբասի իրադրությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չորեքշաբթի հեռախոսով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Դոնբասի իրադրությունը: Այս մասին նա հայտարարել է ուժայինների հետ կայացած արտակարգ խորհրդակցության արդյունքներին նվիրված բրիֆինգում, որը գումարվել էր Դոնբասի ուժային գործողության գոտում ուկրաինացի չորս զինծառայողների զոհվելու պատճառով:
Ուկրաինական կողմը գտնում է, որ նրանք գնդակոծվել են Դոնբասի աշխարհազորայինների կողմից:
«Ես այսօր առավոտյան խոսել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Շտապ կարգով զանգահարել եմ նրան և ասել, որ դա մեզ չի մոտեցնում խաղաղությանը», - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահն ավելացրել է, որ խնդրել է Ռուսաստանի նախագահին՝ ազդել «այն կողմի վրա, որպեսզի նրանք դադարեցնեն սպանությունները»:
Նաև, Զելենսկու խոսքով, Պուտինի հետ քննարկվել է ուկրաինացի բանտարկյալների վերադարձման հարցը: