09/08/2019 17:13
Ո՛չ քաղաքական գործիչները, ո՛չ նրանց քարոզչամիջոցները իրավասու չեն քննարկել ՍԴ դատավորների կամ նախագահի պաշտոնավարման հետ կապված որևէ հարց. Մուրադյան
Аysor.am-ը ներկայացնում է Հայդելբերգի Ռուպրեխտ-Կառլի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավագիտության մագիստրոս, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանի անդրադարձը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ.
«Հայաստանի Սահմանադրական դատարանի դեմ քաղաքական իշխանության քարոզչության հերթական դրսևորմանն առերեսվեցինք սույն թվականի օգոստոսի 6-ին՝ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի եթերում:
Հանրային հեռուստաընկերությունը հերթական անգամ անդրադարձ կատարեց Սահմանադրական դատարանում, իբր, ստեղծված խնդրին: Եվ չնայած այն փաստին, որ թե՛ Սահմանադրական դատարանի դատավորների ճնշող մեծամասնությունը, թե՛ մի շարք հեղինակավոր իրավաբաններ, թե անգամ Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովն արդեն իսկ հերքել են ՍԴ-ում ճգնաժամի մասին անհեթեթ և բամբասանքի նմանվող լուրերը, որոնք հիմնված էին Սահմանադրության անցումային դրույթներից մեկի ամբողջովին արհեստական և սոսկ քաղաքական ու անձնական նեղ շահեր հետապնդող «մեկնաբանության» վրա, այնուամենայնիվ, հատկապես գործադիր իշխանությունը և նրան սպասարկող տարատեսակ քարոզիչները չեն համակերպվում այն փաստի հետ, որ Սահմանադրությամբ երաշխավորված է բոլոր դատավորների, իսկ ՍԴ դեպքում` Սահմանադրական դատարանի դատավորների և նախագահի անփոփոխելիության սկզբունքը:
Նրանք չեն դադարում Սահմանադրական դատարանում ձևավորված կայուն հոգեբանական միջավայրի վրա տեղեկատվական գրոհների միջոցով ներազդելու փորձերը` բացահայտ թիրախավորելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին:
Իրավական հարթությունում մեկ անգամ լիակատար ձախողվելուց և այնուհետև հարցը զուտ քաղաքական և ինքնահռչակ «հոգևորականների» կեցվածքով, այսպես կոչված, «բարոյական» հարթություն տեղափոխելուց հետո` կանխազգալով նաև այդ տիրույթներում հերթական տապալումը, այժմ փորձ է արվում Սահմանադրության հերթական անհեթեթ մեկնաբանությամբ հարցը կրկին տեղափոխել կարծեցյալ իրավական ոլորտ:
Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ռուստամ Բադասյանի, այսպես կոչված, «բարոյական» հարթությունում ակնհայտ ֆիասկոյից հետո, հիմա էլ նրա տեղակալն է չակերտավոր իրավական փաստարկներ ներկայացնել ՍԴ նախագահի պաշտոնավարման առնչությամբ:
Սահմանադրական իրավունքի դասագիրքը լավ չսերտած նախկին ուսանողի մակարդակով փորձ է արվում մեկնաբանել գործող և 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությունը` այդ մեկնաբանությունը հարմարեցնելով կոնկրետ շրջանակի պահանջներին և պահանջմունքներին: Ընդ որում, նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի տեղակալի պաշտոնը զբողեցնողը, նախ` անտեսում է իր ղեկավարի խոսքն առ այն, որ հարցը ոչ թե իրավական, այլ, այսպես կոչված, «բարոյական» տիրույթում է, և Սահմանադրությունը մեկնաբանելու փորձեր է անում` չգիտակցելով, որ իր բերած երեք «փաստարկն էլ» վկայություն են իր և իր շեֆերի դեմ:
Ի լուր մեր հանրության հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրական դատարանի և նրա նախագահի լեգիտիմությունն ածանցվում է ուղղակիորեն Սահմանադրությունից, և պայմանավորված չէ ո՛չ քաղաքական գործիչների, ո՛չ նրանց որևէ հանրույթի, ո՛չ էլ քարոզչամիջոցների և քարոզիչների կարծիքներով, որոնք սոսկ նրանց մասնավոր կարծիքներն են, քանի որ այդ անձինք, անկախ պաշտոնից և դիրքից, իրավասու չեն ոչ քննարկել, ոչ էլ լուծել ՍԴ դատավորների կամ նախագահի պաշտոնավարման հետ կապված որևէ հարց: Այդպիսի հարցերի քննությունը և լուծումը բացառապես Սահմանադրական դատարանի լիազորությունն է: Հակառակ դեպքում որևէ կերպ հնարավոր չէր լինի երաշխավորվել ՍԴ դատավորների անկախությունը, հետևապես` ՍԴ հիմնարար սահմանադրական գործառույթը` ապահովելու Սահմանադրության գերակայությունը:
Իսկ նախարարի տեղակալի բոլոր երեք չակերտավոր փաստարկներն էլ չեղարկվում են այն պարզ փաստով, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը միանշանակ և անվերապահորեն երաշխավորում է ՍԴ նախագահի պաշտոնավարման շարունակականությունը, ընդ որոմ, սույն տեղակալը չի էլ նկատում, որ իր իսկ վկայակոչած` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 83-րդ հոդվածը` սահմանելով Ազգային ժողովի կողմից մինչև իրենց կենսաթոշակային տարիքը պաշտոնավարող ՍԴ անդամների կազմից առանց հատուկ ժամկետային սահմանափակման ՍԴ նախագահ նշանակելու լիազորությունը, ուղղակիորեն նախատեսել է ՍԴ ներկայիս նախագահի պաշտոնավարման ժամկետը` այն նույնացնելով որպես ՍԴ անդամ-դատավոր նրա պաշտոնավարման ժամկետի հետ` համաձայն նախորդ խմբագրությամբ Սահմանադրության տարիքային սահմանափակման պահանջի: Ինչ վերաբերում է մյուս, այսպես կոչված, փաստարկներին, ապա միայն այն փաստը, որ սահմանադիրը տարբերակում է դրել ՍԴ նախագահի և այլ դատարանների նախագահների պաշտոնավարման միջև` սահմանելով ՍԴ նախագահի պաշտոնավարման հաջորդականության, իսկ այլ դատարանների նախագահների դեպքում` նրանց փոփոխելիության կանոնը, վկայում է բերված «փաստարկների» սնանկ լինելու մասին:
Այսպիսով, լրջագույն տապալումից հետո սա հերթական խղճուկ փորձն է արհեստական հարցեր քննարկել կեղծ իրավական տիրույթում, որում, իհարկե, նման ցածրորակ փաստարկներով և նման քարոզիչներով հերթական ձախողումը խիստ կանխատեսելի է»: