09/08/2019 15:29
Դատական համակարգում բարեփոխումների, դատավորների բարեվարքության մասին օրինագծերը պատրաստ են և դրվել են հանրային քննարկման
Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Այդ կապակցությամբ, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դրա ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը, քանի որ ողջ գործընթացի հիմնական պատասխանատուն լինելու է հենց դատական իշխանության անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում՝ Սահմանադրական դատարանը»:
Նա նաև նշել է, որ ակնկալվում է շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը՝ ոլորտը բարեփոխելու համար լավագույն լուծումները մշակելու նպատակով: