09/08/2019 11:43
ԵԱՏՄ երկրներն ընդհանուր առմամբ կողմ են ալկոհոլի շուկայում որոշ խոչընդոտների վերացմանը. Փաշինյան
ԵԱՏՄ երկրներն ընդհանուր առմամբ կողմ են ալկոհոլի շուկայում որոշ խոչընդոտների վերացմանը, Ղրղզստանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստում քննարկված կարևոր հարցերը:
«Ալկոհոլի շուկայի կարգավորման հարցի առնչությամբ հարկ եմ համարում նշել, որ Միության երկրները ընդհանուր առմամբ կողմ են տնտեսության այս ոլորտում խոչընդոտների վերացմանը: Հայաստանի համար այն առաջնային ուղղություն է և արտահանման լայն հնարավորություններ ունի Եվրասիական տնտեսական միության շուկաներում», - ասել է նա՝ հավելելով.
«Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել»:
Փաշինյանի խոսքով՝ հանդիպման ժամանակ ընդգծվել է ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման անհրաժեշտությունը։
«Այդ նպատակին հասնելուն կնպաստի, մասնավորապես, «Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրը», որը պետք է ուժի մեջ մտնի 2020 թվականին։ Մեկ պետության բրոքերներին և դիլերներին այլ անդամ պետությունների բորսաներում կազմակերպված առևտրին մասնակցելու թույլտվության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը նույնպես էական նշանակություն ունի այս գործում», - ասել է նա:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ Փաշինյանը նշել է, որ կարևորվել է, որպեսզի ԵԱՏՄ երկրների՝ գյուղատնտեսության ոլորտում աշխատող սուբյեկտներն ընդհանրացված տեղեկատվություն ունենան Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղմթերքի պահանջարկի և առաջարկի վերաբերյալ: