09/08/2019 15:11
Սևան-Հրազդան կասկադի կայաններն արտադրում են էլեկտրաէներգիա, որը ծածկում է ՀՀ սպառածի շուրջ 10 տոկոսը. ՄԷԿ գլխավոր տնօրեն (Տեսանյութ)
Սևան-Հրազդան կասկադի արդիականացումը դարձել է Հայաստանի էներգահամակարգի խափանման հաղթահարման ռեսուրսներից մեկը, համոզված է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Զոհրաբյանցը։
«Կասկադում այժմ աշխատում է 7 կայան, սահմանված հզորությունը 560 մեգավատից ավելի է։ Մեր կայաններն արտադրում են էլեկտրաէներգիա, որը ծածկում է Հայաստանի Հանրապետության սպառած էլեկտրաէներգիայի մոտավորապես 10 տոկոսը», - ներկայցնելով կասկադում իրականացված աշխատանքները՝ ասաց Զոհրաբյանցը։
Կասկադի կարևորությունը միայն էլեկտրաէներգիայի գեներացման մեջ չէ, այն ապահովում է ՀՀ ողջ գյուղատնտեսական հողատարածքների մոտ 70 տոկոսի ոռոգումը։
«Մեր ջրանցքներով, թունելներով անցնում է ջուր ու մենք կառավարում ենք այդ ջրանցքների, թունելների ու այլ հիդրոտեխնիկական կառույցների ավելի քան 60 կիլոմետրը», - ներկայացրեց ՄԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենը։
Կասկադի պատմությունը սկսվել է 1936 թվականին, երբ կառուցվել է Քանաքեռի ՀԷԿ-ը՝ 100 մեգավատ հզորությամբ։ Այնուհետև գործարկվել է Սևանի ՀԷԿ-ը, որը բացառիկ կայան է, այն առաջին ստորգետնյա կայանն է ԽՍՀՄ-ում ու այդ կառույցը մինչ այժմ էլ բացառիկ է համարվում, որովհետև աշխարհում ստորգետնյա կայաններն էլ այդքան էլ շատ չեն։
Այնուհետև գործարկվել է Արգելի ՀԷԿ-ը՝ հիդրոհամալիրի ամենամեծ կայանը, Արզնի ՀԷԿ-ը, Հրազդանի ՀԷԿ-ը, Երևանի-1 ՀԷԿ-ն ու Երևան-3 ՀԷԿ-ը։
Տնօրենի խոսքով՝ կասկադի պատմությունը հարուստ է ու այնտեղ առկա սարքավորումները հիմնականում բավականին հին ու մաշված են։
Այս ընթացքում, ինչ «Ռուսհիդրոն» կառավարում է կասկադը, մշակվել է արդիականացման ծրագիր։
«Ներգրավվել են բավականին լուրջ ներդրումներ ու այսքան մասշտաբային արդիականացում համալիրը մինչ այդ չի տեսել, նման աշխատանքներ չեն եղել։ Երևան-1 ՀԷԿ-ը ամենախոշոր կառույցն է, որն արդիականացվել է ծրագրի շրջանակներում, փաստացի՝ կառուցվել է նոր կայան։ Փոխվել են բոլոր հիդրոագրեգատները, բոլոր սարքավորումները, բարձրացվել է այդ սարքավորումների հուսալիությունը, մեծացվել է դրանց արդյունավետությունը, մեծացվել է կայանի սահմանված հզորությունը։ Այս ամբողջ ժամանակում, ինչ «Ռուսհիդրոն» ղեկավարում է հիդրոհամալիրը, չի եղել ոչ մի լուրջ վթար», - ասաց Ռոման Զոհրաբյանցը։
Փոխվել են բոլոր հիդրոագրեգատները, սարքավորումները, բարձրացվել է այդ սարքավորումների հուսալիությունը, մեծացվել է դրանց արդյունավետությունը, մեծացվել է կայանի սահմանված հզորությունը։
Հիդրոհամալիրի կարևորությունն առավել արտահայտվեց հուլիսի 10-ի խոշոր վթարի ժամանակ, ինչի հետևանքով հանրապետության զգալի հատվածը մնաց առանց էլեկտրականության։
«Ամենակարճ ժամանակահատվածում՝ բառացիորեն 2 ժամվա ընթացքում, հենց մեր կայանից՝ Սևանի ՀԷԿ-ից, սկսվեց էներգահամակարգի վերականգնումը։ Մեր անձնակազմի շատ գրագետ ու, կարելի է ասել, անձնազոհ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ գործարկել Սևանի ՀԷԿ-ն ու այդ գործարկումով սկսվեցին ամբողջ էներգահամակարգի վերականգնման աշխատանքները։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ընկերության աշխատակիցներին, ովքեր այդ ողջ ընթացքում, կարելի է ասել, առաջնագծում էին, ու պայքարում էին այդ վթարի դեմ», - ասաց նա:
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Գարեգին Բաղդասարյանն էլ, ներկայացնելով Արգելի ՀԷԿ-ը, ասաց, որ այն Հայաստանի ամենամեծ հզորություն ունեցող կայանն է, որը 4 հիդրոագրեգատ ունի՝ յուրաքանչյուրը 56 մգվտ հզորությամբ.
«Կայանը շատ կարևոր է օբյեկտ է Հայաստանի էներգետիկայի համար։
Այն նաև կարևոր նշանակություն ունի էներգահամակարգի համար, քանի որ կարողանում է հաճախականություն պահել, և հաճախականությունն իջնելու կամ բարձրանալու դեպքում կայանը կարգավորում է այն»։
Ճարտարագետի խոսքով՝ Հայաստանում երկու այդպիսի կայան կա, մեկը Արգելի հիդրոկայանն է, մյուսը՝ Տաթևինը։
«Ունենք 500 հազար խմ ջրով ջրամբար, որը նույնպես կայանի և համակարգի հուսալիությունն է ապահովում։ Այն որպես պահուստ է կայանի համար, և ցանկացած արտակարգ իրավիճակում կարողանում է 3-5 րոպեի ընթացքում հոսանք թողարկել։
Կայանը կարողանում է 3 րոպեում 226 մգվտ հոսանք արտադրել, դա Հայասատանի Հանրապետության անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 25-30 տոկոս արտադրման քանակն է», - ներկայացրեց «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ գլխավոր ճարտարագետը