09/08/2019 09:45
«Ժողովուրդ». Մաքսայինում գրեթե ոչինչ չի փոխվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում սկսել են ակտիվանալ «կարգոները». նրանք նախկինի պես կարողանում են, մաքսայինի հետ պայմանավորվելով, մաքսազերծել փոքր ներմուծողների ներկրած ապրանքները` դրա դիմաց վերցնելով որոշակի գումար:
Փաստորեն, մաքսայինում գրեթե ոչինչ չի փոխվել: Կհիշեք` «կարգոներն» այն ընկերություններն են, որոնց միջոցով գործարարները ներկրում և մաքսազերծում են իրենց ապրանքները: Դրանք անհատ ձեռներեցների և մաքսային կառույցների միջև միջնորդ կազմակերպություններ են:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննության արդյունքում պարզեց, որ այսօր էլ անարգել և բացահայտ գործում են մարդիկ, որոնք կարգո են անում, այսինքն` զբաղվում են ապրանքների ներմուծմամբ և մաքսազերծմամբ միաժամանակ: Ի դեպ, նրանց համար ապրանքի հարկման մեխանիզմը այլ կերպ է գործում, իսկ հասարակ քաղաքացիների համար` այլ: Կոնկրետ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների պատմելով` ՌԴ-ից ներկրված հագուստեղենի ինվոյսը պարտադրում են գրել կիլոգրամը` 16 դոլար:
Եւ սա այն դեպքում, երբ, ըստ ՊԵԿ-ի, անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով` առանց մաքսային հայտարարագրման և պետական հսկողության կիրառման: Սակայն կոնկրետ մարդիկ կան, որ 4.5 դոլարով են մաքսազերծումն ավարտում»: