12/08/2019 18:59
Իտալիայում տապի պատճառով վտանգի ամենաբարձր մակարդակն են հայտարարել 11 քաղաքներում
Իտալիայի առողջապահության նախարարությունը շոգ եղանակի պատճառով վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակն է հայտարարել երկրի 11 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում: Համապատաասխան ծանուցումը երկուշաբթի զետեղվել է գերատեսչության կայքում:
Կանխատեսման համաձայն՝ երկուշաբթի ըստ Ցելսիուսի մինչև 38 աստիճան տաքություն է սպասվում Իտալիայի մայրաքաղաքում, Անկոնայում, Բոլոնիայում, Բոլցանոյում, Կամպոբասոյում, Ֆլորենցիայում, Ֆրոզինոնում, Լատինում, Պերուջայում, Ռիետիում և Տրիեստում:
Երեքշաբթի՝ օգոստոսի 13-ին, նախազգուշացումը գործելու է միայն Կամպոբասոյում, Ֆրոզինոնում, Պալերմոյում, Պերուջայում, Ռիետիում և Հռոմում:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ օգոստոսի 12-ին ամպրոպ է սպասվում Ապենինների հյուսիսում: Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, երկուշաբթին կդառնա այս շաբաթվա ամենաշոգ օրը:
Օդերևութաբանները հորդորում են պահպանել նախազգուշական բոլոր միջոցները: Դա հատկապես վերաբերում է երեխաներին ու ծերերին: