13/08/2019 15:46
Ինդոնեզիայում մոլեգնող անտառային հրդեհները սպառնում են բնապահպանական նոր ճգնաժամով
Ինդոնեզիայի իշխանությունները հայտնել են անտառային հրդեհների օջախների կտրուկ ավելանելու մասին Կալիմանտան և Սումատրա կղզիներում՝ ընդ որում չբացառելով 2015 թվականի բնապահպանական ճգնաժամի կրկնվելու հնարավորությունը, երբ սաստիկ ծխոտումից տուժեցին հարևան Մալայզիան և Սինգապուրը: Տարերային աղետների կանխման գործակալության այս տվյալներն երեքշաբթի հրապարակել է The Jakarta Post թերթը:
«Եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, մենք կարող ենք բախվել 2015 թվականի իրադրությանը, երբ անտառային հրդեհների ծուխը պատեց ոչ միայն ինդոնեզական նահանգները, այլև հարևան պետությունները»,-հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ագուս Վիբովան:
Անցած շաբաթվա դրությամբ գրանցվել էր հրդեհների ավելի քան 2 հազար օջախ, շաբաթվա ընթացքում այդ թիվն աճել է կրկնակի: Առավել շատ տուժած են համարվում Ռիաու, Արևմտյան Կալիմանտան և Կենտրոնական Կալիմանտան նահանգների շրջանները: Գործակալության ներկայացուցիչը նաև նշել է, որ ծխոտումն արդեն զգացվում է Մալայզիայի սահմանակից նահանգներից մեկում: