14/08/2019 19:10
Քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր չունենք. ՔԿ պաշտոնյան՝ Ամուլսարի փորձաքննության եզրակացության մասին
«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանագամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրգործ հարուցելու հիմքեր չկան, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանն՝ անդրադառնալով Ամուլսարի փորձաքննության եզրակացությանը:
«Փորձաքննության եզրակացության ստացումից հետո, վերլուծելով ձեռբերված փաստական տվյալները, վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան քրեական գործով վարույթի հետագա շարունակման համար», - ասաց նա:
Եզրակացությանը հակիրճ անդրադառնալով՝ Իվանյանը նշեց, որ ծրագրի տարածքի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Համաձայն եզրակացության՝ երկրաշարժի դեպքում դարձյալ ազդեցություն կրած ջրերը Ջերմուկ չեն հասնի: Կեչուտի ջրամբարի և Սևանի վրա ևս ազդեցություն չի լինի:
«Երկրաշարժի դեպքում ազդեցությունը կրած ջրերի պոտենցիալ միախառնումը նախ Կեչուտի ջրամբարի ջրերի, հետո՝ Սևանա լճի ջրերի հետ չի առաջացնի Սևանա լճի կոնցենտրացիայի նշանակալի կամ նույնիսկ չափելի փոփոխություններ», - եզրակացությունից մեջբերում արեց Իվանյանը:
Եզրակացության համաձայն՝ Որոտան, Արփա, Դարբ գետերի վրա ազդեցությունն անորոշ է:
«Միևնույն ժամանակ փորձագիտական խումբը «Լիդիանի» կողմից ներկայացած մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ, բայց, միևնույն ժամանակ, առաջարկել է լրացուցիչ միջոցառումներ ու եկել եզրակացության, որ եթե նախատեսված միջոցները իրականացվեն պատշաճ նախագծված և սահմանված կարգով, ապա շրջակա միջավայրի ջրային ռեսուրսների վրա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի», - ասաց նա:
Իվանյանն ընդգծեց, որ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի.
««Լիդիանն» այդ կետերի մեծամասնությունն արդեն իսկ նախատեսել էր իր նախագծային փաստաթղթերում, մնացած կետերն էլ պատրաստակամություն է հայտնել իրականացնելու՝ հայտարարելով ճկուն ակտիվ քաղաքականություն», - ավելացրել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի փորձաքննության եզրակացության արդյունքները: