14/08/2019 17:30
Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը
ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդարգրություն է տարածել Ամուլսարի հանքավայրի շահագործման փորձաքննության վերաբերյալ։ Դրանում ասված է.
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ 2019 թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Եզրակացության վերջնական տարբերակը 2019 թվականի օգոստոսի 7-ին փորձագետների կողմից ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին:
Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից եզրակացության վերջնական տարբերակն անգլերենից թարգմանվել է հայերեն և այսօր երկլեզու տարբերակով հասանելի է հանրությանը:
Եզրակացությանը կարող եք ծանոթանալ հղումով»։
Նշենք, որ եզրակացության վերաբերյալ այլ մանրամասներ Քննչական կոմիտեն կներկայացնի այսօր ավելի ուշ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։