14/08/2019 13:35
Հայրապետովին կհրավիրենք դատարան ու կհարցնենք՝ Արցախի զինված ուժերից 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ զորք բերվե՞լ է. Հայկ Ալումյան (Տեսանյութ)
Հայաստանի նախկին նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանՀայկ Ալումյանն այսօր ևս լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդեց, որ 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախից զորք չի տեղափոխվել Հայաստան։
«Արցախի զինված ուժերից ոչ մի ստորաբաժանում, ոչ մի զինվոր այդ օրերին Հայաստան չի մտել», - հայտարարեց Ալումյանը։
Հիշեցնենք՝ նման հայտարարություն դեռ դատարանում արել էր նաև Ռոբերտ Քոչարյանը։
«Այստեղ կան հանգամանքներ, որոնք հաշվի առնելով մենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, երբ առաջին անգամ հրապարակային դատավարություն սկսվեց, միջնորդեցինք, որ դատավարության մի հատված դռնփակ անցկացվի։ Դատարանը բավարարեց ու այդ հատվածը անցավ դռնփակ։ Դա անհրաժեշտ էր, որովհետև պետք է քննարկվեին մեր փաստարկներն Արցախից, իբրև թե, զորք բերելու հետ։
Մենք պետք է ներկայացնեինք այնպիսի փաստեր, որոնք չպետք է հրապարակային քննարկման առարկա դառնան։ Մեր փաստարկներն այնպիսին էին, որ դրանց հետ համաձայնեց նաև դատախազությունը։ Ես սա շեշտում եմ։ Ուղղակի հիմա, ցավոք, այս պահին այդ հարցին չեմ կարող մանրամասն պատասխանել, իսկ կիսատ պատասխանն ընդամենը կավելացնի սպեկուլյացիաները։ Ամբողջը մենք ասել չենք կարող։ Կրկնում եմ՝ դատախազությունը ոչինչ չուներ ասելու», - հայտարարեց Ալումյանը։
Անդրադառնալով «BBC»-ի հրապարակմանն, Ալումյանը նկատեց, որ դրանում նշվում էր, թե Արցախից տեղափոխված զորքը տեղակայվել է նախագահական նստավայրում ու ավելացրեց.
«Այսօր, փառք Աստծո, շատ լավ հնարավորություն կա այդ հանգամանքը ճշտելու։ Եթե դուք կարծում եք, որ իրենք ճիշտ են ասում, իսկ մենք՝ սխալ, կարող եք հարցնել պետական պահպանության ծառայության ղեկավար Հայրապետովին, որը նախկինում ևս նախագահական նստավայրում ծառայություն էր իրականացնում, մինչև մենք նրան կհրավիրենք դատարան ու նրան այդ հարցերը կտանք»։