14/08/2019 16:33
Մինչ մարտական դիրքը թողնելը զինծառայողը մարմնական վնասվածքներ չի ունեցել. ՔԿ
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 12-ին ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Արայիկ Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը՝ գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում Ա.Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Ինչ վերաբերում է նրա ձախ ձեռքի ցուցամատի վրա առկա վնասվածքին, ապա ՔԿ-ի հաղորդմամբ՝ այս տարվա հուլիսի 24-ին Ա.Ղազարյանը զորամասից ուղեգրվել է Մարտունու զինհոսպիտալ, որտեղ տեղային անզգայացումով կատարվել է ձախ ձեռքի 2-րդ մատի կոշտուկի հեռացում, ինչի մասին արձանագրված է զինհոսպիտալի ամբուլատոր հիվանդների հաշվառման մատյանի մեջ, ինչպես նաև, այդ մասին գրառում է կատարվել Ա.Ղազարյանի բուժգրքույկում:
Վերոգրյալի մասին Ա.Ղազարյանը տեղեկացրել է նաև եղբորը` Արմեն Ղազարյանին:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը նրանց մոտ է։
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ իր կարծիքով, 19-ամյա հայ զինծառայող Արայիկ Ղազարյանը հայտնվել է ադրբեջանական տարածքում մոլորվելու հետևանքով։