14/08/2019 09:50
«Հրապարակ». Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ստամբուլյան կոնվենցիային նվիրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ իրավիճակ է փոխել․ մեր աղբյուրների հավաստմամբ՝ կոնվենցիայի վավերացում տեղի չի ունենա։ Ավելին՝ անգամ ԱԺ օրակարգ չի բերվի։ Իշխանական պատգամավորները նախարարի հետ հանդիպմանը հուժկու ընդվզել են՝ ասելով, թե ամեն ինչ կարելի է սղղացնել, բայց ոչ «հայու գենի» հետ կապված նուրբ հարցերը։
«Ինձ ամեն օր իմ ընտրողները հարցնում են՝ ի՞նչ եք անելու գոմիկների օրենքի հետ, ես ի՞նչ պատասխան եմ տալու, դա կլինի մեր վերջը», - ասաց իշխանական պատգամավորներից մեկը։
Գաղտնիք չէ, որ կոնվենցիայի վավերացման հետ կապված՝ իշխանական բուրգում տարաձայնություններ կան։ Ըստ որոշ լուրերի՝ իշխանական մոտ 40 պատգամավոր դեմ է կոնվենցիային։ Եվ նրանք չեն էլ թաքցնում դա։ Նախարարի հետ հանդիպմանը մի քանիսը բացահայտ հակադրվել են, որ չեն մասնակցի քվեարկությանը, և հույս ունեն, որ կոնվենցիայի վավերացումն առժամանակ կերկարաձգվի։
Հատկապես, որ, ինչպես իշխանական մեր աղբյուրը պնդեց, քննարկվել է նաև դրա սահմանադրականության հարցը, քանի որ ամրագրված որոշ դրույթներ հակասում են Հայաստանի Սահմանադրությանը։ Խոսքը, մասնավորապես, ամուսնության ձևակերպման հետ է կապված։ Մայր օրենքը սահմանում է երկու սեռի ամուսնություն, մինչդեռ կոնվենցիայում նրբորեն ձևակերպված է նաև երրորդ սեռը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։