14/08/2019 10:09
«Հրապարակ». Արցախի նախընտրական ասպարեզ նոր ֆիգուր է մտնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան համագործակցության արարի խաղարկումից հետո նոր ֆիգուր է մտնում արցախյան նախընտրական ասպարեզ։ Երեկ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարեց առաջիկայում կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու հավանականության մասին։ Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հենց Բաբայան-Հարությունյան հանդիպումն է պարարտ հող ստեղծել, որ նոր խաղացողներ գործուղվեն դաշտ։
Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, Մայիլյանը Երևանից դրական ազդակներ է ստացել առաջադրվելու համար։ Ասում են՝ տետ ա տետ հանդիպումից հետո թե՛ Սամվել Բաբայանը, թե՛ Արայիկ Հարությունյանը ՀՀ իշխանությունների մոտ կասկածներ են առաջացրել, որ ցանկացած պահի կարող են գնալ գործարքի, ու պահուստային թեկնածուի անհրաժեշտություն կա։ Հատկապես, որ Մայիլյանը կարող է արժանանալ նաև գործող նախագահ Բակո Սահակյանի աջակցությանը և շանս ունի իր կողմը գրավել Հարությունյան-Բաբայան հանդիպումից հիասթափված էլեկտորատին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։