14/08/2019 20:45
Նոր Զելանդիայի բանտում Քրայսթչերչի հրաձիգին սխալմամբ թույլ են տվել նամակ ուղարկել
Նոր Զելանդիայի Ուղղիչ հիմարկությունների վարչությունում խոստովանել են, որ Բրենտոն Թարանթին, որը մեղադրվում է մարտի 15-ին Քրայսթչերչում ահաբեկչական գործողություններ կատարելու համար, սխալմամբ թույլ են տվել բանտի մենախցից նամակ ուղարկել, հայտնոմ է «The New Zealand Herald» թերթը:
«(Թարանթի) նամակը պետք է առգրավվեին», - ասված է վարչության տարածած մեկնաբանությունում։
«Սակայն, քանի որ փոստի առաքումը (բանտարկյալների) նվազագույն իրավունքներից մեկն է, և նամակները բանտի տնօրենի կողմից կարող են առգրավվել միայն սահմանափակ թվով դեպքերում, դա տեղի չի ունեցել»։
Նաև վարչությունում նշել են, որ «այդ կալանավորի փոստի կառավարման» համակարգում «արդեն մտցվել են փոփոխություններ, որոնք վերահսկողության գործընթացն այնքան արդյունավետ կդարձնեն, որքան անհրաժեշտ է»:
«The New Zealand Herald»-ի տվյալներով՝ «Թարանթի նամակ» ասելով նկատի է առնվում նրա կողմից ստորագրված ձեռագիր տեքստը, որի լուսանկարները տարածվել են համացանցում: Ենթադրությունների համաձայն՝ այդ նամակը Թարանթն ուղարկել է որպես պատասխան Ալան անունով մարդուն, որն, իբր, ապրում է Ռուսաստանում:
Ուղերձում ավստրալացի հրաձիգը պատմում է իր քաղաքական հայացքների մասին:
Մարտի 15-ին Քրայսթչերչի երկու մզկիթներում տեղի ունեցան հարձակումներ, որոնց հետևանքով մահացել է 51 մարդ, ևս 50-ը՝ վիրավորվել է։