14/08/2019 19:47
Ռուսաստանն, Ադրբեջանը և Իրանն էներգահամակարգերի միավորման նախագծի հիմնավորում են մշակում
Ռուսաստանն, Ադրբեջանը և Իրանը համաձայնագիր են ստորագրել՝ երեք երկրների էներգահամակարգերի միավորման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) համատեղ մշակման մասին, ասված է «Համակարգային օպերատորի» (ՌԴ էներգահամակարգի դիսպետչերի) հաղորդագրության մեջ:
«Օգոստոսի 12-ին Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը համաձայնագիր են կնքել Ադրբեջանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության էներգահամակարգերի միջև «Հյուսիս-Հարավ» էներգետիկական միջանցքի ստեղծման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման համատեղ մշակման մասին», - ասված է հաղորդագրության մեջ:
Դրանում նաև ճշտվում է, որ Ռուսաստանի կողմից համաձայնագրի մասնակիցներ են դարձել «Համակարգային օպերատորը» և «Ռոսսետին», իսկ Ադրբեջանի և Իրանի կողմից՝ «Ազերէներժին» և Իրանի էլեկտրագեներացիայի, մատակարարման և դիստրիբուցիայի «Tavanir» կառավարող ընկերությունը: