15/08/2019 12:54
Վարագ Սիսեռյանը հերքում է փորձաքննություն իրականացրած լիբանանյան կազմակերպության և իր հոր միջև կապի մասին տեղեկությունը
Կառավարության շենք մտնելիս բնապահպանների ակցիայի մասնակիցների խնդրանքով նրանց մոտեցավ նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։ Նա լսեց ակտիվիստների մտահոգությունները և խոստացավ դրանք ներկայացնել վարչապետի աշխատակազմին։
Նա միաժամանակ հերքեց այսօր ակցիայի ժամանակ հնչած այն հայտարարությունը, թե Ամուլսարի փորձաքննությունն իրականացրած Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը որևէ կապ ունի իր հոր հետ, որը Լիբանանի կառավարության ներկայացուցիչ է։ Հիշեցնենք՝ այս կազմակերպությանը պետբյուջեից տրամադրվել էր 396 900 ԱՄՆ դոլար՝ անկախ փորձաքննություն իրականացնելու համար։
«Ինձ մի քանի ամիս առաջ բավական տարօրինակ մարդիկ զգուշացրել են, որ այսպիսի նյութ է շրջանառվում իմ և իմ հոր անվան հետ կապված։ Ես դա փոխանցել եմ անձամբ Տիգրան Ավինյանին, որ նման թեմա կա։ Նաև փոխանցվել է համապատասխան մարմիններին, որ նման նյութ կա։ Նաև պատրաստվում էի այն ժամանակ խոսել, ես պահելու բան չունեմ։ Բացարձակապես այդ տեղեկությունը իրականության հետ աղերս չունի։ Ես հիմա մտածում եմ՝ արդյոք կարող եմ դատի տալ։ Իմ հայրը տարիներով Լիբանանի վարչապետի խորհրդականն է եղել, բայց այդ ընկերության հետ կապը անպատկերացնելի է։ Եթե լիբանանյան ընկերություն է, իմ հայրն էլ Լիբանանի կառավարության ներկայացուցիչ է, ուրեմն ի՞նչ, կապ կա՞», - լրագրողներին ասաց Սիսեռյանը։
Այդուհանդերձ, Սիսեռյանը խոստացավ խնդիրը բարձրացնել վարչապետի աշխատակազմում և փոխանցել պատասխանատուներին։