15/08/2019 11:26
«Հարգելի կառավարություն, «Լիդիանը» ձեզ ու ժողովրդին խաբում է». Կառավարության դիմաց ակցիան շարունակվում է
Կառավարության նիստին զուգահեռ դրսում՝ շենքի դիմաց շարունակվում է բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիան։ Բնապահպանները, հիշեցնենք, դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը և հայտարարում են, որ լիբանանյան ընկերության փորձաքննության եզրակացությունը ամբողջական չի ներկայացվել հանրությանը։
«Մենք կառավարության անդամներին հրավիրում ենք դուրս գալ այստեղ ու ծանոթանալ իրական ուսումնասիրությանը, փաստերին։ Հարգելի կառավարություն, ձեզ խաբում են, շատ պարզ հայերենով, անգլերենով գրված փաստերը հնարավոր չէ մանիպուլացիայի ենթարկել։ Այն, ինչ ասում եք հիմա կառավարությունում, իրականությանը չի համապատասխանում։ «Լիդիանի» ներկայացրած ՇՄԱԳ-ը թերի է և ենթակա է ուժը կորցրած ճանաչելու։ Կառավարության միակ գործողությունը հենց դա պետք է լինի, կոչ ենք անում հենց հիմա ՇՄԱԳ-ի ուժը կորցրած ճանաչել դրա հիմքով, որովհետև «Լիդիան Արմենիա» ընկերությունը խաբել է Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Հայաստանի կառավարությանը։ Այլ տեսակի քննարկում չի կարող լինել», - բարձրախոսով դիմելով կառավարությանը՝ հայտարարեց բնապահպան Աննա Շահնազարյանը։
Ավելի վաղ Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը հայտարարել էր, որ փորձաքննության հեղինակները չեն կարողացել պատասխանել փորձագետի առաջադրած հարցին՝ արդյոք Ամուլսարի բաց հանքի շահագործումը կարող է լինել անվտանգ, քանի որ շրջակա միջավայրի փորձաքննության եզրակացությունը թերի է եղել։
Նկատենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը, ներկայացնելով լիբանանյան ընկերությանը պատվիրած փորձաքննության արդյունքները, հայտարարել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանագամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրգործ հարուցելու հիմքեր չկան:
«Փորձաքննության եզրակացության ստացումից հետո, վերլուծելով ձեռբերված փաստական տվյալները, վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան քրեական գործով վարույթի հետագա շարունակման համար», - ասել էր նա։