15/08/2019 15:08
Ներկայիս իշխանություններին 1,5 տարի ժամանակ ու 400 հազար դոլար էր պետք, որպեսզի հասկանային՝ Ամուլսարում խնդիր չկա. Վահագն Վարագյան
Ամուլսարի մասով խնդրահարույց հարցերի շուրջ խորքային ուսումնասիրություններ չեն կատարվել, ուսումնասիրվել են նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կենսաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի լաբարատորիայի վարիչ Վահագն Վարագյանն՝ անդրադառնալով Ամուլսարի փորձագիտական եզրակացության արդյունքներին:
«Այն խնդիրների վերաբերյալ, որոնք բարձրաձայնվել են անցած տարիների ընթացքում, նոր իշխանություններից պահանջվեց տարուց ավելի շատ ժամանակ, որպեսզի ընդհամենը փաստաթղթերն ուսումնասիրի ու եզրակացություն տա, որ ամեն ինչ լավ է: Եթե ամեն ինչ լավ էր, ինչի՞ համար էր այսքան ժամանակ այս հարցը չարչրկվում», - ասաց Վարագյանը:
Նա նկատեց, որ երկու կարևոր խնդիրների՝ Սևանի և Ջերմուկի հանքային ջրերի հնարավոր աղտոտման պատճառ լինելու մասով լրացուցիչ հիմնավոր ստուգումներ չեն կատարվել:
«Մենք կարող ենք փաստել, որ մինչև այդ էլ այն, ինչ ասել են անիմաստ է եղել, այսինքն՝ որևէ խնդիր Ամուլսարում չի եղել, և այսօր այս իշխանությունները, կառավարությունը փաստում են, որ իրականում, ըստ իրենց, որևէ խնդիր չի էլ եղել: Ընդամենը Ամուլսարի վերաբերյալ պոպուլիստական հայտարարություններ են եղել նաև ներկայիս իշխանությունների կողմից, երբ իրենք ընդդիմություն էին, և իրենց տարիուկես ժամանակ ու 400 հազար դոլար էր պետք, որպեսզի հասկանային, որ այնտեղ խնդիր չկա: Չնայած, որ խնդրահարույց հարցերը պիտի ևս մեկ անգամ լրացուցիչ հիմնավոր փորձաքննության ենթարկվեին և նոր վերջնական պատասխաններն ասվեին, ինչը չի արվել», - ավելացրեց Վարագյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՔԿ-ն հրապարակել էր Ամուլսարի փորձաքննության եզրակացության արդյունքները: