15/08/2019 19:08
Աթամբաևին մեղադրանք են առաջադրել ևս երկու կոռուպցիոն քրեական գործով
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրանք են առաջադրել ևս երկու քրեական գործով, РИА Новости-ին հայտնել է նրա փաստաբանը՝ Սերգեյ Սլեսարյովը, այժմ Աթամբաևը մեղադրվում է 10 գործով:
«Նրան ևս երկու ծանուցում են հանձնել կոռուպցիայի մեջ մեղադրվելու մասին: Երկու գործերն էլ վերաբերում են Կոյ-Տաշ գյուղում հողամասերի ձեռքբերմանը», - հայտարարել է Սլեսարյովը:
Այսօրվա դրությամբ Աթամբաևին մեղսագրվում է 10 ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարում:
Երեքշաբթի Ղրղզստանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ծանուցումներ են հանձնվել մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում, սպանություն, սպանության փորձ, պատանդառություն և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառում:
Հատուկ ծառայությունների վարկածով՝ պետության նախկին ղեկավարը պետական հեղաշրջում էր նախապատրաստում:
Նախօրեին նախկին նախագահին կոռուպցիայի համար են մեղադրել Բիշքեկի ջերմաէլեկտրակենտրոնն արդիականացնելիս և գրասենյակային շենքեր ձեռք բերելիս: Նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում: