15/08/2019 19:30
Բոլոր ցուցարարները լքել են Հոնգկոնգի օդանավակայանի ժամանման սրահը
Բոլոր ցուցարարները, որոնք Հոնգկոնգի միջազգային օդանավակայանի ժամանումների սրահում նստացույց էին անում՝ հեռացել են, տարածքն ամբողջովին մաքրվել է ինքնաշեն բարիկադներից ու թռուցիկներից, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:
Չորեքշաբթի առավոտյան օդանավակայանի ղեկավարությունը ստացել է դատարանի որոշումը, որն արգելում է բողոքի ցույցեր անել օդանավակայանի տարածքում, բացառությամբ հատուկ հատկացված երկու գոտու՝ ժամանումների սրահի հեռավոր ծայրերում: Գոտիներից մեկում մինչ ուշ գիշեր մնացել են տասնյակ ցուցարարներ:
Հինգշաբթի առավոտյան օդանավակայանը վերականգնել է աշխատանքային օրակարգը:
Օդանավակայան մուտք գործել նախկինի պես թույլատրվում է միայն ինքնությունը հաստատող փաստաթուղթ և տոմսեր ունեցող անձանց:
Երկուշաբթի և երեքշաբթի օրերին օդանավակայանի ղեկավարությունը ստիպված է եղել չեղարկել հարյուրավոր չվերթներ, երբ ցուցարարները գրավել են ժամանումների ու մեկնումների սրահները: Երեքշաբթի գիշերը ոստիկանության ու ցուցարարների միջև բախումներ են գրանցվել:
Չորեքշաբթի իրավիճակը որոշակիորեն կայունացել է և օդանավակայանն աստիճանաբար սկսել է բնականոն աշխատանքը: