15/08/2019 12:27
Բնապահպան ակտիվիստներին է մոտեցել վարչապետի օգնականը
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը մոտեցել է կառավարության դիմաց բոողքի ակցիա իրականացնող բնապահպաններին։ Նա խոստացավ ակցիայի մասնակիցների հորդորը և գրավոր պահանջները փոխանցել վարչապետին։
Ակցիայի մասնակիցները ասացին, որ իրենք անձամբ են ցանկանում հանդիպել վարչապետի հետ, նրան անձամբ ներկայացնել իրենց մտահոգությունները Ամուլսարի վերաբերյալ փորձագիտական եզրակացության արդյունքների վերաբերյալ։
Նաիրի Սարգսյանը, լսելով ակտիվիստներին, հեռացավ՝ խոստանալով վարչապետի հետ խոսելուց հետո կապվել ակտիվիստների հետ։
Նկատենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը, ներկայացնելով լիբանանյան ընկերությանը պատվիրած փորձաքննության արդյունքները, հայտարարել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանագամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրգործ հարուցելու հիմքեր չկան:
«Փորձաքննության եզրակացության ստացումից հետո, վերլուծելով ձեռբերված փաստական տվյալները, վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան քրեական գործով վարույթի հետագա շարունակման համար», - ասել էր նա։
Բնապահպանները հայտարարում են, թե փորձագիտական եզրակացությունն ամբողջապես չի ներկայացվել հանրությանը։