15/08/2019 19:15
Ամերիկյան 13 նահանգներ Թրամփի վարչակազմին դատի են տվել միգրացիայի նոր կանոնների պատճառով
Ամերիկյան 13 նահանգներ հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ փորձելով արգելափակել Սպիտակ տան կողմից երկուշաբթի հայտարարված միգրացիայի նոր կանոնների ուժի մեջ մտնելը, հայտնել է «Reuters» գործակալությունը:
«Թրամփի վարչակազմի ելակետը պարզ է. եթե դու հարուստ ես՝ բարի գալուստ, իսկ եթե աղքատ՝ ոչ։ Այդ կանոնը հակաամերիկյան է, հականերգաղթային և անօրինական», - հայտարարել է Վաշինգտոն նահանգի գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնը:
«The Wall Street Journal» թերթն ավելի վաղ պարզաբանել է, որ նոր կանոններին համապատասխան, որոնք ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է կիրառել հոկտեմբերի կեսերից, գրին քարտը կարող է մերժվել այն միգրանտներին, ովքեր կարող են օգտվել արտոնյալ «Medicaid» բժշկական ապահովագրությունից, մասնակցել մթերային կտրոնների ստացման և բնակարանի արտոնյալ գնման ծրագրերին:
Ըստ թերթի՝ Թրամփի նոր նախաձեռնությունն ամենավճռականն է միգրացիոն համակարգում արմատական փոփոխություններ մտցնելու՝ մինչ օրս ձեռնարկված փորձերից: Հայցը ստացվել է Վաշինգտոն, Վիրջինիա, Դելավեր, Կոլորադո, Իլինոյս, Մասաչուսեթս, Մինեսոտա, Միչիգան, Մերիլենդ, Նևադա, Նյու Ջերսի, Նյու Մեքսիկո և Ռոդ Այլենդ նահանգներից:
«Reuters»-ը նշում Է, որ այդ հայցը համանման է երեքշաբթի Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքի և Սանտա Կլարայի օկրուգի իշխանությունների կողմից հարուցված հայցին: