15/08/2019 13:32
Ֆիլադելֆիայում ձերբակալվել է ոստիկաններին հրազենային վնասվածքներ հասցրած տղամարդը
Տղամարդը, որը Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա նահանգ) կրակ է բացել ոստիկանների վրա՝ ձերբակալվել է, ասվում է քաղաքի ոստիկանական վաչության Twitter-ում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ոստիկանական վարչության հայտարարության համաձայն՝ կասկածյալի հետ փոխհրաձգության ընթացքում իրավապահ մարմիների վեց աշխատակիցներ հրազենային վերքեր են ստացել, նրանք բոլորն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Նրանց գործընկերներից ևս մի քանիսն այլ վնասվածքներ են ստացել:
Fox News հեռուստաալիքը հայտնել է, որ հրաձիգը հանձնվել է ոստիկանությանը: Ինչպես նշել է հեռուստաալիքը, 36-ամյա Մորիս Հիլլը ձեռքերը վեր բարձրացրած դուրս է եկել բնակելի տնից, որտեղ նա մի քանի ժամ թաքնվել էր:
Դրանից առաջ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Հեռուստաալիքի աղբյուների խոսքով՝ Հիլլը Ֆիլադելֆիայի բնակիչ է: Ավելի վաղ նրան բազմիցս բերման են ենթարկել հրազենին վերաբերող օրենքների խախտման համար: Նա նաև փորձել է թաքնվել իշխանություններից:
Առաջին կրակոցը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով 16:30-ին (Երևանի ժամանակով (00:30-ին): Սկզբում ոստիկանները եկել էին այն տուն, որտեղ հետագայում բարիկադավորվել էր հրաձիգը, որպեսզի խուզարկություն կատարեն թմրանյութերի պահման գործի հետաքննության շրջանակում: