15/08/2019 14:55
Վարչապետի աշխատակազմից խոստացել են ավելի ուշ ընդունել բնապահպաններին
Այսօր առավոտյան Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկող մի խումբ բնապահպաններ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ։ Նրանք հայտարարում էին, որ հանրությանը ներկայացված փորձաքննության եզրակացությունը ամբողջական չէ, և Ամուլսարի հանքի շահագործումը հղի է վտանգներով։
Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացրած բնապահպանները ցանկանում էին մուտք գործել կառավարության շենք, սակայն ոստիկանական պատնեշը նրանց թույլ չէր տալիս։
Այնուհետև ցուցարարներին նախ մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, հետո՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վարագ Սիսեռյանը։
Սարգսյանը խոստացավ բնապահպանների պահանջ-ցանկությունը փոխանցել վարչապետին՝ զգուշացնելով, որ այսօր Փաշինյանի աշխատանքային գրաֆիկը ծանրաբեռնված է։
«Մեզ փոխանցեցին, որ վարչապետն այսօր շատ խիստ զբաղված է և մեզ չի կարող ընդունել: Բայց խոստացել է առաջիկայում հանդիպում անցկացնել: Վարչապետին թույլ կտանք այսօր գործերն ավարտել, բայց առաջիկա օրերին հանդիպում ենք սպասում: Հարցը հետաձգման ենթակա չէ», - հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները:
Նկատենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը, ներկայացնելով լիբանանյան ընկերությանը պատվիրած փորձաքննության արդյունքները, հայտարարել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանագամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրգործ հարուցելու հիմքեր չկան:
«Փորձաքննության եզրակացության ստացումից հետո, վերլուծելով ձեռբերված փաստական տվյալները, վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան քրեական գործով վարույթի հետագա շարունակման համար», - ասել էր նա։
Բնապահպանները հայտարարում են, թե փորձագիտական եզրակացությունն ամբողջապես չի ներկայացվել հանրությանը։