16/08/2019 19:25
Պարոնյանի անվան թատրոնում Երվանդ Ղազանչյանին փոխարինող չեն փնտրում. նոր թատերաշրջանը նվիրվելու է նրա հիշատակին
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նոր գեղարվեստական ղեկավարի նշանակման հարցը դեռևս չի քննարկվում, այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը:
«Մեր օրակարգում նման հարց չկա, դեռ չենք էլ ուզում մտածենք այդ մասին: Մենք հիմա շարունակում ենք Երվանդ Ղազանչյանի ավանդույթը, աշխատում ենք այնպես, ինչպես նա էր աշխատում: Իր նախաձեռնած գործերն ենք ավարտին հասցնում: Դեռ շատ շուտ է նոր գեղարվեստական ղեկավարի նշանակման մասին մտածելու համար», - նշեց տնօրենը:
Ներկա պահին թատրոնի աշխատակազմը արձակուրդում է, կվերադառնան օգոստոսի 29-ին, սեպտեմբերին էլ կմեկնարկի 78-րդ թատերաշրջանը: Ի դեպ, ամբողջ թատերաշրջանը նվիրված է լինելու Երվանդ Ղազանչյանի հիշատակին:
Հիշեցնենք, որ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երվանդ Ղազանչյանը մահացել է հուլիսի 30-ին՝ 82 տարեկան հասակում: